«Եթե այդ մասին ասում է ՀՀ առաջին դեմքը, ուրեմն` պետք է հաշվի նստել այդ կարծիքի հետ». գեներալ-մայոր Լևոն Ստեփանյան

«ՀԱՊԿ-ում մի շարք սխալներ են թույլ տրվում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նախագահի խորհրդական է, ռազմական փորձագետ, գեներալ–մայոր Լևոն Ստեփանյանը՝ «Ռուս–հայկական համագործակցությունը» թեմայով քննարկման ժամանակ ներկայացնելով հայ-ռուսական գործընկերային հարաբերություններում, ՀԱՊԿ-ում առկա խնդիրներն ու հասարակական դժգոհությունը։

Լևոն Ստեփանյանը նշեց, որ Հայաստանն այս կազմակերպությունում հայտնվել է չափազանց գիտակցված կերպով, սակայն Հայաստանը միացավ ՀԱՊԿ-ին, քանի որ այնտեղ է Ռուսաստանը։ Նա ընդգծեց, որ չեն թաքցնում, որ փաստորեն Հայաստանը Ռուսաստանի պատճառով է միացել այդ կազմակերպությանը, թեև Հայաստանին ու Ռուսաստանին առաջին հերթին` կապում են առանձին պայմանագրեր ու պարտավորություններ։ Ելնելով վերջին իրադարձություններից, ըստ նրա` կարելի է ասել, որ մեծ հաշվով Հայաստանը հակված է հիմնվել երկկողմ համաձայնագրերի վրա, քանի որ ՀԱՊԿ-ի փորձը ցույց է տալիս, որ ժամանակ առ ժամանակ սխալներ են թույլ տրվում։

«Նայենք, թե ինչ տեղի ունեցավ Ղրղըզստանի դիմումի հետ, կազմակերպությունը մերժեց Ղրղըզստանին օգնության հարցում Ձեզ հայտնի իրադարձությունների ընթացքում։ Ինչո՞ւ Հայաստանը չդիմեց ապրիլին կազմակերպությանը, քանի որ հասկանալի է, ազդանշաններ նաև նախկինում էին եղել այն մասին, որ կազմակերպությունը չի միջամտելու ԼՂ հակամարտությանը։ Մեզ՝ հայերիս, բնականաբար, այս ամենը չի ուրախացնում, բայց մենք գիտակցում ու հասկանում ենք այդ ամենը, որի պատճառով էլ նման դիմում մեր կողմից չեղավ»,- այս հանգամանքի վրա ուշադրություն հրավիրեց բանախոսը։

Նրա խոսքով, եթե Միջին Ասիայում իրադարձություններ լինեն, ապա խիստ կասկածելի է, որ Հայաստանի ղեկավարությունն այնտեղ հայկական կոնտինգենտ կուղարկի, նույնը կանեն Ղրղըզստանը, Ղազախստանը, եթե գործողություններ ծավալվեն ԼՂ հակամարտության շուրջ, նրանք իրենց ռազմական կոնտինգենտը չեն ուղարկի, որպեսզի պատերազմեն Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ։

«Հասկանալով այս ամենը՝ ինձ թվում է, որ բացի ռազմական կազմակերպությունից, կան մի շարք այլ ուղղություններ, ճիշտ կլիներ, որպեսզի այս կազմակերպությունում լիներ զինծառայողների միջազգային կոնտինգենտ նման դեպքերի համար, որպեսզի ոչ մի երկիր չասեր, որ իր ներկայացուցիչներն են եկել, այլ եկել է միջազգային խմբավորում կամ ստորաբաժանում, այսինքն՝ բոլոր երկրների ներկայացուցիչները։ Լիովին վստահ չեմ, որ բոլորը կհամաձայնեն այս կարծիքին, բայց սա լուծման տարբերակ է նաև ահաբեկչության դեմ պայքարի, աղետների դեպքում և այլ իրավիճակներում համագործակցության համար»,- նման առաջարկով հանդես եկավ Լևոն Ստեփանյանը։

Գեներալ-մայոր Ստեփանյանը նաև ընդգծեց, որ հայ հասարակությունն ակտիվորեն փորձում է գտնել գործընկերային երկրի և ռազմավարական գործընկեր երկրների միջև տարբերությունը, ինչը չի հաջողվում։

«Ես ցանկանում եմ, որ ընդհանուր հայտարար գտնենք այս հարցերում, երբ տեսնում եմ, որ ստրատեգիական գործընկերոջը բավականին բարձր ուշադրություն է հատկացվում՝ վաճառվում է զենք, ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների այցեր են տեղի ունենում։ Իսկ ի՞նչ է նշանակում՝ զենք վաճառել, դա կոնտակտ է, շփում, միջանձնային հարաբերություններ, դա այլ հարցեր են նաև, գործընկերային երկիրը կարծես թե մնում է դժգոհ, թեև ես գուցե ամեն ինչ չեմ հասկանում ռազմական օգնության հարցում, սակայն այն, որ այդ օգնությունը հասել է փոքր-ինչ ձգձգված, չի ուրախացնում։ Շատ դժվար է Երևանում ԽՍՀՄ փլուզումից հետո ծնված-մեծացած երիտասարդին բացատրել, որ նրա վրա կրակում են ռուսական զենքից, ու դրա հետ պետք է համակերպվել, քանի որ Ռուսաստանը բիզնես է անում, ինչպես Ռուսաստանում են ասում, և, եթե Ռուսատսանը չվաճառի, ապա Ադրբեջանը կգնի մեկ այլ երկրից։ Այս փաստարկն այլևս չի աշխատում, սա Երևանում այլևս համոզիչ չէ, և պատահական չէ, որ Սերժ Ազատովիչ Սարգսյանն այս մասին ասել էր։ Եթե այդ մասին ասում է երկրի առաջին դեմքը, ուրեմն պետք է հաշվի նստել այդ կարծիքի հետ, ինչպես պետք է հաշվի նստել առաջնահերթությունների հետ այդ կազմակերպության»,- մեկնաբանեց Լևոն Ստեփանյանը։

Վերջինս, ամփոփելով իր խոսքը՝ նշեց. «Որքանով ես եմ, որպես ռազմական մարդ, հասկանում, որքան Ռուսաստանն է պետք Հայաստանին, այնքան էլ Ռուսաստանին՝ Հայաստանը, կամ գուցե մի փոքր ավելի քիչ։ Ռուսաստանը դեպի Արևելք է շարժվում, դա մենք տեսնում ենք, հասկանում, աշխարհում իրավիճակը սրվում է, խոսակցություններ կան երրորդ համաշխարհային պատերազմի մասին, մերձավորարևելյան ռազմական գբործողությունների թատերաբեմն է անհանգսատցնում, շատ են խնդիրները։ Ուստի կարծում եմ, որ Ռուսաստանը գործընկերային պետությանը պետք է վերաբերվի շատ ավելի ջերմ, շատ ավելի ուշադիր, քան ռազմավարական գործընկերներին»։

 

Տեսանյութեր

Լրահոս