«Թուրքիան անելիք չունի Ղարաբաղյան կարգավորման գործընթացում». Էդուարդ Շարմազանով
«Թուրքիան անելիք չունի Ղարաբաղյան կարգավորման գործընթացում մի քանի պատճառներով` Թուրքիան համանախագահ երկիր չէ, համանախագահը կարող է փոխվել միայն ու միայն կոնսենսուսով: Մենք դրան դեմ ենք, որովհետև այս տարիների ընթացքում Թուրքիան ունեցել է միակողմանի` ադրբեջանամետ դիրքորոշում, երբեմն՝ նաև հանցագործ դիրքորոշում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Երևանում ընդունված ՀԱՊԿ անդամ-երկրների նախագահների և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները:
ԱԺ փոխնախագահը Ս.Լավրովին հիշեցրեց հենց իր արտահայտությունը, որ ապրիլյան քառօրյայի ժամանակ Թուրքիայի գործելաոճը ռազմական կարգավորման կոչ էր, և դա դեմ է Մինսկի խմբի գործելաոճին. «Մենք Լավրովի ապրիլի 22-ի գնահատականի հետ լրիվ համամիտ ենք: Մեր և, հուսով եմ, համանախագահ երկրների նպատակը մեկն է` փոխզիջումների արդյունքում հասնել խաղաղ կարգավորման: Մենք թույլ չենք տա, որպեսզի Թուրքիայի ադրբեջանամետ դիրքորոշումը լինի խաղաքարտին: Շատ ճիշտ կլիներ, եթե միջազգային հանրությունը պարտադրեր Թուրքիային կատարել Ցյուրիխյան պայմանավորվածությունները»:
Ըստ Է.Շարմազանովի` Թուրքիան այսօր գնում է դեպի քաղաքական մեկուսացում, գոնե ԵՄ-ի հետ հարաբերություններում բավականին խոչընդոտներ կան, և Թուրքիան փորձում է ցույց տալ, որ ինքը կա: Սակայն, շեշտեց Է.Շարմազանովը, Հայաստանը չի համաձայնի, որ Թուրքիան որևէ դերակատարում ունենա Ղարաբաղյան գործում:
Նա չհամաձայնեց, որ Լավրովը երկկողմանի խաղ է տանում. «Բազմիցս հայտարարել են համանախագահները, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, երեք նախագահների միջնորդությամբ: ՀԱՊԿ անդամ երկրները, այդ թվում` ՌԴ-ն, վերահաստատում են իրենց հավատարմությունը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին: Թե՛ Վիեննայում, թե՛ Սանկտ Պետերբուրգում վերահաստատվեց, որ խնդիրը պետք է ունենա խաղաղ կարգավորում ՄԽ շրջանակներում»: