Վրացի պատգամավորի ավտոմեքենայի պայթեցման գործի շրջանակում կասկածյալ է ձերբակալվել
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են մեկ անձի, որին կասկածում են Վրաստանի խորհրդարանում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենան պայթեցնելու մեջ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Այս մասին հայտարարվել է այսօր՝ Վրաստանի ՆԳՆ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
Գերատեսչության տվյալով՝ ձերբակալվել է 1976թ. ծնված Բ. Չ.-ն։
Թբիլիսիում իրականացված քննչական գործողությունների արդյունքում վերջինիս բնակարանից և ավտոտնակից հայտնաբերվել են պայթուցիկ սարքի պատրաստման մասին գրականություն, էլեկտրալարեր, Գիվի Թարգամաձեի տան և աշխատավայրի գծագրեր, նռնակներ, փամփուշտներ և այլն։
Հոկտեմբերի 4-ին՝ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, Թբիլիսիում պայթեցվել էր Թարգամաձեի ավտոմեքենան։
Պայթյունի հետևանքով տուժել էր մի քանի անցորդ, լրջորեն վնասվել էր մեքենայի հետևի հատվածը։ Թարգամաձեն միջադեպի հետևանքով չէր տուժել։