«Հայոց ցեղասպանության ժխտումը պատժելու առումով շատ կարևոր փուլում ենք». Ֆիլիպ Կալտենբախ
Ֆրանսիայի Սենատում սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆիլիպ Կալտենբախը «Հավասարության և քաղաքացիության» մասին օրենքում կատարած փոփոխությունների առիթով շնորհավորել է գործընկերներին: Nouvelles d’Armenie-ի փոխանցմամբ՝ ֆրանսիացի սենատորը շեշտել է, որ ցեղասպանությունների, մարդկության դեմ և պատերազմական հանցագործությունների ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվել է սենատորների մեծամասնության կողմից բազմաթիվ քաղաքական բախումներից հետո:
«Այսուհետ պատժամիջոցներն առնչվում են բոլոր ցեղասպանություններին: Ժխտողականությունը, և մասնավորապես 1915թ-ի Հայոց ցեղասպանության ժխտումը, պատժելու առումով շատ կարևոր փուլում ենք: Ի հակադրություն Եվրոպայում առաջ շարժվող ծայրահեղականության, ի հակադրություն Մերձավոր Արևելքում կամ այլուր տեղի ունեցող անտանելի զանգվածային հանցագործությունների` կենսական նշանակություն ունի, որ Ֆրանսիան հստակ ուղերձով հանդես գա: Մենք դա անում ենք այս քվեարկությամբ: Մենք այլևս չենք կարող հանդուրժել ժխտողականությունը մեր երկրում ոչ մի դրսևորմամբ, քանի որ ինչպես ասել է Էլի Վեյզելը, ժխտողականությունը զոհերին երկրորդ անգամ սպանելն է»,- ընդգծել է սոցիալիստ սենատորը: