«ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագրի ստորագրումը կախված է մի շարք գործոններից». գերմանացի վերլուծաբան
«Մինչև տարեվերջ մշակվող ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագիրը չի ստորագրվի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Անվտանգության և միջազգային հարաբերությունների գերմանական ինստիտուտի Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի ուսումնասիրությունների բաժնի փոխտնօրեն, քաղաքագիտության դոկտոր, գերմանացի փորձագետ Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ բանակցություններին։
Հիշեցնենք, որ Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել էր, թե ՀՀ-ԵՄ բանակցվող համաձայնագրին հավանաբար չեն տա «Ասոցացման համաձայնագիր» որակումը, քանի որ անցյալում ունեցել են ասոցիացման համաձայնագրի նախագիծ, սակայն վերակողմնորոշվելու պատճառով այն չի ստորագրվել: Բայց, ըստ նրա, սկսված բանակցությունները նոր՝ շրջանակային համաձայնագրի շուրջ շատ լավ են ընթանում։ «Մենք առաջընթաց ենք գրանցում, հասցրել ենք ավարտել փաստաթղթի մի քանի գլուխ: Բանակցությունների հաջորդ փուլը շուտով կսկսվի Երևանում՝ շարունակելով այս դրական ոգին»,- տեղեկացրել է նա:
Սյուզան Ստյուարտն ասաց, որ ՀՀ-ԵՄ բանակցությունների ավարտն ու սպասվելիք համաձայնագրի ստորագրումը կախված է ոչ այնքան բանակցությունների ընթացքից, որքան հարակից խնդիրների կարգավորումից։
«Չէ՞ որ ՀՀ-ն ու ԵՄ-ն ավելի վաղ շատ ավելի լուրջ ու ծավալուն փաստաթուղթ էին բանակցել ու ավարտին հասցրել, սպասվելիք համաձայնագիրը որևէ նոր պարտավորություն, հանձնառություն չի ընդգրկելու։ Ըստ էության, կողմերն այսօր օպտիմալացնում են նախորդ համաձայնագիրը ներկա իրողություններին։ Սա հնարավորության դեպքում կարելի էր կազմակերպել չափազանց սեղմ ժամկետներում։ Սակայն այս կետում են կուտակվել ինչպես՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների խնդիրները, այնպես էլ՝ խնդիրները ԵՄ-ում, Հայաստանում և հայ-ռուսական հարաբերություններում: Այսինքն, մենք բարդ գործընթացում ենք, որը միայն ՀՀ-ից ու ԵՄ-ից չէ կախված, այլ բազում գործոններից:
Ուստի կարծել, որ թեկուզ հերթական բանակցություններն այս ամիս են, այս տարի կստորագրվի որևէ փաստաթուղթ, միամտություն է, որովհետև իմ մատնանշած խնդիրները չեն լուծվել թե՛ ԵՄ-ում, թե՛ ՀՀ-ում»,- նման տեսակետ հայտնեց Սյուզան Ստյուարտը: Վերջինս ընդգծեց, որ Ռուսաստան-Արևմուտք առճակատման փուլում որոշ ԵՄ երկրներ ընդհանրապես ետին պլան են մղել Արևելյան գործընկերություն ծրագիրը, այդ թվում՝ Գերմանիան: Ըստ նրա, սա ԵՄ-ում առկա խնդիրներից մեկն է, ինչն արդարացված է, քանի որ ԵՄ-ն չունի բավարար ռեսուրսներ Ռուսաստանին առճակատվելու համար, ուստի պետք է փորձի ստեղծված իրավիճակին այլ ելք տա՝ մեղմացնելով Ռուսաստանի հնարավոր բացասական արձագանքը:
«Ինչպես տեսնում եք, նույն այդ ռուսական սպառնալիքի պատճառով մեծ թափով առաջ չեն ընթանում Արևելյան գործընկերության մյուս երկրների հետ, իսկ Հայաստանի դեպքում շատ ավելի լուրջ գործընթաց է տեղի ունենում, քանի որ շոշափվում են Ռուսաստանի տրամադրությունները, և այն, ինչ որքան առաջ կարող է գնալ ընդհանրապես Արևելյան գործընկերություն ծրագիրը: Ինձ հայտնի չէ մի փաստ այն մասին, որ Ռուսաստանը դեմ է գնում ապագա համաձայնագրին, բայց կան տեղեկություններ, որ ռուսական կողմը տեղյակ է այն բոլոր կետերից, որոնք ներառվում են ապագա փաստաթղթում: Եթե չի խոչընդոտում, ապա, ամենայն հավանականությամբ, հայկական կողմը կստորագրի փաստաթուղթը, սակայն, ամենայն հավանականությամբ, այն ժամանակ, երբ բոլոր այս խնդիրների կարգավորումն ուրվագծված լինի»,- ասաց Ստյուարտը: