
Եմենում սգո թափորի ուղղությամբ ավիահարվածը սխալմունք էր. Կոալիցիա

Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան հետաքննության արդյունքներով հայտարարել է, որ Սանա քաղաքում սգո թափորի ուղղությամբ ավիահարվածը սխալմունքի արդյունք էր։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած ավիահարվածի արդյունքում, ՄԱԿ-ի տվյալներով, մահացել է 140 մարդ, վիրավորվել՝ 525-ը։ Մեկ այլ տեղեկությունով, զոհերի թիվը հասել է 213-ի։
«Քննիչների թիմը եկել է այն եզրակահանգման, որ Եմենի գլխավոր շտաբի ներկայացուցիչները, ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ, ռազմաօդային ուժերի օպերացիայի մասին սխալ տեղեկություն են հաղորդել Սանա քաղաքում զինված հրամանատարների կոնկրետ գտնվելու վայրի մասին»,-ասվում է կոալիցիայի հայտարարությունում։
Եմենում 2014 թվականից ի վեր շարունակվում է զինված կոնֆլիկտը, որում մի կողմից մասնակցում են ապստամբ-հուսիտները շիաների շարժումից, իսկ մյուս կողմից կառավարական զորքերը և աշխարհազորայինները։