«Բոլորը սպասում են, որ եկել է կախարդական մի կառավարություն». Գինեգործների միության նախագահ
«650 միլիոն դրամի չափով դեռ գումար կա վճարելու. գործարաններն իրենց սեփական ռեսուրսներով գուցե մի 7-8 ամսում այդ գումարը փակեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ այս տարվա խաղողը, բացառությամբ Երևանի կոնյակի գործարանի և ևս երկու ընկերությունների, վերցված է պարտքով. Դրա վճարման մասով կան հստակ պայմանագրեր, և հստակ օրեր ու գին է սահմանված»։
Հարցին, թե կարգավորված դաշտ այդպես էլ չունե՞նք, Ա. Հարությունյանը պատասխանեց` դեռ ոչ։ Ըստ նրա՝ այստեղ խնդիրը քաղաքական է, այստեղ տնտեսական խնդիր գոյություն չունի, այսինքն՝ պետությունը թույլ է տվել քաղաքական սխալներ խաղողագործության և գինեգործության մեջ։ Նրա խոսքով՝ սխալները գալիս են խորհրդային ժամանակներից, բայց 1990-ական թվականների կառավարությունները թույլ են տվել սխալներ, որոնք ավելի են խորացրել իրադրությունը, և հետագա կառավարությունները երբեք քաղաքական կամք չեն ունեցել խնդիրը լուծելու։
«Փոքր-ինչ սկսեց սայլը տեղից շարժվել Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ փորձ արվեց ստեղծել ինստիտուցիալ կառույցներ, որոնք կտային քաղաքական լուծումներ, բայց գործը կիսատ մնաց, հաջորդ կառավարությունը որ եկավ, փորձեց քաղաքական խնդիրը լուծել տնտեսական ճանապարհով, սա ավելի խորացրեց իրավիճակը։ Այս կառավարության դեպքում պարզ կլինի, երբ ինքը ծրագիրը ներկայացնի, ոչ ոք չգիտի, թե դա ինչ է, չգիտենք՝ այդ ծրագրով ինչ է նախատեսվում։ Խնդիրներն այնքան են խորացել, որ նոր կառավարությունից սպասվում է շատ ավելին, քան նոր կառավարությունը կարող է անել։ Բոլորը սպասում են, որ եկել է կախարդական մի կառավարություն, այսինքն` չափից ավելի բեռ ընկավ կառավարության վրա»,- նշեց Գինեգործների միության նախագահը։
Ա. Հարությունյանի դիտարկմամբ՝ կառավարության կազմում քաղաքական գաղափարախոսության կրողներ չկան, տնտեսական խնդիրներ լուծողներ են, շատ լավ մենեջերներ են. «Առայժմ մենք չենք տեսնում այն քաղաքական մեծ խնդիրը, որ դրված պետք է լինի կառավարության առաջ, որ լուծի քաղաքական խնդիրները, որոնցից ածանցվում են տնտեսական խնդիրները։ Հայաստանը չունի տնտեսության զարգացման հայեցակարգ։ Այսինքն՝ սա քաղաքական խնդիր է, թե մենք ուր ենք գնում, ինչ ենք առաջարկում աշխարհին»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։