
Թուրքիայում 59 ոստիկան է ձերբակալվել

Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո հաստատված արտակարգ դրության շրջանակներում իրականացվող ձերբակալությունները շարունակվում են: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը:
Ստամբուլի հանրապետական դատախազության ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության կողմից գյուլենականների դեմ իրականացվող հետախուզա-որոնողական գործողությունների շրջանակներում ձերբակալվել է 59 ոստիկան, որոնցից 5-ը ոստիկանության տարբեր ստորաբաժանումների պետեր են:
Ձերբակալված ոստիկանները մեղադրվում են գյուլենականներին հարելու մեջ, քանի որ նրանց բջջային հեռախոսներում հայտնաբերվել է ByLock բջջային հավելվածը, որը համարվում է գյուլենականների գաղտնի հաղորդակցության միջոցը:
Պաշտոնական Անկարան «Հիզմեթ հարեքեթի» ազդեցիկ կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում է 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու եւ ղեկավարելու մեջ: Գյուլենը հերքել է հեղաշրջման փորձին իր մասնակցությունը: