«Հայաստանը կարող է միջնորդի դեր ստանձնել Արևմուտքի հետ ՌԴ հարաբերությունները մեղմելու համար». Գագիկ Մակարյան

Հայաստանն այլ երկրներին ներկայանալու խնդիր ունի, և ոչ միայն՝ տնտեսապես, այլ նաև՝ իր մշակույթով, իր պատմական արժեքներով և այլն, քանի որ սերունդները փոխվում են, և մարդիկ լավ չեն ճանաչում մեր երկիրը: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Ըստ նրա` թե՛ Նյու Յորքում ներդրումային, թե՛ Երևանում հրավիրված Եվրասիական համաժողովները կարևոր են երկիրը ներկայացնելու և գործարար կապեր հաստատելու համար, և դա պետք է պարբերական լինի:

Գ.Մակարյանը կարևորեց, որ ԵՏՄ-ի հետ համագործակցությամբ հետաքրքրված են նաև ասիական երկրները` Հնդկաստան, Սինգապուր, Հարավային Կորեա, Չինաստան, և այլն: Սակայն նա շեշտեց,  որ բոլոր այդ հնարավորությունները պետք է ճիշտ գնահատել, որովհետև նախ՝ այդ երկրների մի մասն իրենք շուկաների խնդիր ունեն. «Այդ ասիական երկրները Եվրոպայի և Ամերիկայի բլոկից դուրս են, նրանց դեմ էլ կան գրված և չգրված սանկցիաներ, և դրանք սպասարկող երկրներ են, ոչ թե առաջին գծի երկրներ: Այդ կապերի հնարավորությունը պետք է ճիշտ օգտագործել: Եթե դրանք միանան ԵՏՄ-ին` ի՞նչ արդյունք կունենանք: Նրանց մեջ երկրներ կան, որ շատ աղքատ են, մենք ի՞նչ ենք կարողանալու տալ նրանց: Իսկ Հայաստանը, եթե իր ինտելեկտուալ բազան չօգտագործի, արդյունաբերական բազան շատ փոքր է: Արտերկրում այսօր գիտական միտքը շատ թանկ արժի և շատ պահանջված է, և մենք պետք է ճիշտ օգտագործենք մեր ռեսուրսը»:

Անդրադառնալով ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի հայտարարությանը, թե Հայաստանը կարող է դառնալ եվրասիական ինտեգրացիայի կենտրոն, Գ.Մակարյանը նշեց, որ դա հավանական է: Ըստ նրա` Հայաստանը փոքր երկիր է, համեմատաբար համեստ ամբիցիաներ ունի` ի տարբերություն Ռուսաստանի և Ղազախստանի, որոնց ամբիցիաները մեծ են. «Այս դեպքում Հայաստանի փոքրությունն ու համերաշխ կեցվածքը հնարավորություն է տալիս, որ նաև դեպի Եվրոպա կապող օղակ լինի, նաև կոնֆլիկտների լուծման հարցում կարող է դերակատարում ունենալ: Հայաստանը կարող է լուրջ միջնորդի դեր ստանձնել Արևմուտքի հետ Ռուսաստանի հարաբերությունները մեղմելու համար: ԵՏՄ-ի անունից մեկը պետք է բանակցի, և Արևմուտքն ավելի հեշտորեն կբանակցի Հայաստանի հետ, քան Ռուսաստանի»:

Տեսանյութեր

Լրահոս