Բաժիններ՝

Ինչպե՞ս կարող է 5000 եվրո կանոնադրական կապիտալ ունեցող ընկերությունը 100 մլն դոլարի ներդրում անել «Նաիրիտում», կամ ո՞ւմ հավատալ

«Նաիրիտ» գործարանում ներդրումներ իրականացնել պատրաստվող «EU-ASIA Business Finance Centre» միջազգային հոլդինգը ստեղծվել է այս տարվա ապրիլին: Սլովակիայի կազմակերպությունների ռեգիստրում առկա տվյալների համաձայն` հոլդինգի կանոնադրական կապիտալն ընդամենը 5000 եվրո է: Այս հանգամանքը բազմաթիվ հարցերի տեղիք է տվել և բուռն քննարկման առարկա դարձել սոցիալական ցանցերում: Ինչպե՞ս կարող է 5000 եվրո կանոնադրական կապիտալ ունեցող ընկերությունը 100 մլն դոլարի ներդրում անել «Նաիրիտում»:

168.am-ը հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանին խնդրեց մեկնաբանել այս հարցը: Ըստ նրա` հարցն անիմաստ է, ավելին` անգրագետ մարդկանց մեկնաբանություն է:

«Հոլդինգի հիմնադիրներն այն ընկերություններն են, որոնց ներկայացրել ենք, իսկ նշված ընկերությունը ստեղծվել է հոլդինգը կազմակերպելու համար՝ ընդամենը գարնանը: Ավելին ասեմ` չնայած հոլդինգի անդամները հարյուրավոր միլիոնների շրջապտույտ ունեցող ընկերություններ են, սակայն դա ևս չի ներկայացնում հոլդինգի պոտենցիալը: Մենք խոշոր ներդրումների համար սռեղծում եմք «Համահայկական ԵՄ-ԱՍԻԱ» հիմնադրամը ՀՀ կառավարության հետ՝ մեկը տասի հարաբերությամբ, այսինքն` եթե 100 միլիոն ներդնում է ՀՀ կառավարությունը, ապա 1 միլիարդ եվրո ներդնում է մեր հոլդինգը, և սա` որպես սկիզբ: Այնուհետև ներդրվում են այնքան գումարներ, որքան հարկավոր է «Մետաքսե ուղու» և այլ խոշոր ծրագրերի համար: Խոշոր գումարների առաջարկներ մեր նախագծերի իրականացման համար մենք ունենք Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, Իրանից և ԵՄ-ից»,- ասաց Ա.Գրիգորյանը:

Ըստ նրա` հոլդինգը նախապես սկսում է կազմակերպչական աշխատանքներն իրենց կողմից մի քանի միլիոն եվրոյի հասնող ծախսերի վճարման ծրագրով, և ըստ իրենց գործընկերների հետ նախապես կնքած պայմանագրերի և հայտնի բրիտանական IPM LLP կառավարման ընկերության ղեկավարությամբ կազմակերպում են ծրագրերի ֆինանսավորման աշխատանքները. «Մենք նման աշխատանքների հսկայական փորձ ունենք և աշխատել ենք ռիսկային երկրներում: Հայաստանն այդ առումով առավել ապահով երկիր է: Ընկերություններն աշխատում են մեր հիմնադրամների միջոցով, քանզի մեր ստրուկտուրաներին վստահում են, իսկ տվյալ երկրների կառավարություններին` ոչ:  Հարկավոր է հասկանալ, որ Հայաստանում ոչ մի խոշոր ընկերություն մեկ միլիարդի ներդրում չի անի, քանզի չկա վստահություն իշխանությունների նկատմամբ, սակայն մեր մեխանիզմների համաձայն, երբ մենք ինքներս ներդնում ենք սկզբնական գումարները՝ ներգրավելով նաև ՀՀ կառավարությանը և տալով երաշխիքներ, որ գումարները չեն հայտնվելու նախարարների կամ այլոց հաշիվներին, ահա այս երաշխիքների դեպքում ֆինանսավորվում են հետաքրքիր նախագծեր»:

«Վերջում ասեմ, որ աշխարհում կան տասնյակ-միլիարդներ, որոնք հետաքրքիր ծրագրերի են սպասում: Այ, այդ ֆինանսները հատուկ երաշխիքների դեպքում գտնում են և խաչվում են հետաքրքիր նախագծերի հետ ու ներդրվում»,- հավելեց հոլդինգի նախագահը:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյան կարծիքով՝ խնդիրը ոչ թե կանոնադրական կապիտալն է, այլ այն ձեռնարկությունը, որը բիզնես է առաջարկում անելու, ինքն ունա՞կ է դա անելու, թե՞ ոչ.

«Ես անձամբ նման մարդու հետ նույնիսկ չէի հանդիպի։ Զարմանում եմ, որ վարչապետը հանդիպել է։ Մարդը չպետք է ներկայանա, պետք է կազմակերպությունը ներկայանա, այդ կազմակերպությունն իրենից ինչ-որ բան պետք է ներկայացնի։ Մանավանդ, եթե առաջարկ անող է, պետք է լուրջ բիզնես պլանով ինչ-որ առաջարկ լինի, ոչ թե մեկ նախադասությամբ առաջարկ արվի։ Դա շատ անլուրջ է։ Խաբեբաներն այդպես են աշխատում, մեծ թվեր են ասում, մեծ գումարներ, որ գրավիչ լինի, և նրանց լուրջ ընկալեն։ Այդ մարդուն ընդամենը պետք էր երևի վարչապետի հետ լուսանկարվել։ Ես չգիտեմ՝ իր նպատակը որն էր»։

Դիտարկմանը, որ շատ նաիրիտցիներ իրական հույսեր են կապում այս հոլդինգի հետ, Ա.Խուրշուդյանը պատասխանեց. «Նաիրիտցիները վատ վիճակում են, ցանկացած հայտարարություն անողի հետ հույսեր կկապեն։ Նորից եմ կրկնում՝ աշխարհում բոլոր խաբեբաները նույն սխեմայով են աշխատում՝ մարդն ինչի կարիք ունի, դա են խոստանում։ Բայց դրա տակ կա՞ հիմք, թե՞ ոչ, պետք է դա ուսումնասիրել։ Ես ինչքան հասկացա, ոչ մի հիմք չկա։ Շատ անլուրջ է ասել մեկ նախադասություն, և դա նրա ամբողջ պլանն է։ Մեկ նախադասությունը, իհարկե, հիմք չի։ Այդ կարգի առաջարկները, որոնք լուրջ են, կամ հիմքեր, հաշվարկներ ունեն, արվում են ո՛չ մամուլի միջոցով, ո՛չ հանրայնացման միջոցով, այլ նամակով, կոնկրետ փաստարկներով, հիմքերով, և ամենակարևորը՝ ներկայանալով։ Այդ մարդու անունը Գուգլում գրում ես, շատ անլուրջ մարդու տպավորություն է թողնում, որ ամեն ինչով փորձում է զբաղվել, բայց ոչ մի բան, ըստ էության, չի անում։ Նման մարդու հետ ես չէի հանդիպի։ Նա այդպիսի հանդիպումից հանդիպում իր համար պատմություն է ստեղծում։ Ինքը հերթական պատմությունն արեց, վարչապետի հետ հանդիպեց, «Նաիրիտի» 100 մլն-ի հարց քննարկեց, հիմա երրորդ անձի մոտ կասի՝ նայեք, ես սենց մարդ եմ։ Նա անլուրջ մարդ է»։

Նշենք, որ «EU-ASIA business finance center» Հոլդինգն ավելի վաղ հրապարակել էր, որ «Նաիրիտի» վերաթողարկման ներդրումային ծրագրի իրականացման վրա պատրաստ են աշխատելու հոլդինգի հետևյալ անդամները․ «Energy Consult» (Սլովակիա), «InfraPartnersManagment LLP» (Մեծ Բրիտանիա), «IPM» (Սլովակիա), «ChemPro» (Սլովակիա) և նրա մայր կազմակերպությունը՝ «РусГазИнжениринг» ընկերությունը (Ռուսաստան), «Sunir» (Իրան), «Ալդիմա» (Բուլղարիա), «Chimremontstroy» (Բուլղարիա) և «Tradepetrol» (Սլովակիա) և մի շարք այլ ընկերություններ։ Հոլդինգի նախաձեռնած Համահայկական ներդրումային ֆոնդի մի կողմում, բացի հոլդինգի այդ անդամներից, նաև «SAG» (Գերմանիա), «BEZ Transformator» (Սլովակիա), «Elteco» (Սլովակիա) ընկերություններն են, մյուս կողմից՝ ՀՀ կառավարությունը։

Ի վերջո, որպեսզի պարզվի, թե որքանով է իրական հոլդինգի մտադրությունը «Նաիրիտը» վերագործարկելու ուղղությամբ, ՀՀ կառավարությունը կարող է շատ հեշտորեն ինքը նախաձեռնել և պարզել արտերկրյա այս ընկերությունների մտադրությունների ու ներգրավվածության լրջությունը։ Նկատենք, որ առաժմ ՀՀ կառավարությունը կամ դրա որևէ գերատեսչություն որևէ հերքող և «իրականությունը բացահայտող» հայտարարությամբ հանդես չեն եկել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս