Երկու «կարևոր» հանգամանք Վիկտոր Դալլաքյանի հայտարարության մեջ՝ ըստ Արամ Կարապետյանի
Դեռ հայտնի չէ՝ «Նոր Ժամանակներ» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին որևէ դաշինքով կամ մենակ կմասնակցի՞, թե՞ոչ։ 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ով համոզված է, որ մոտական ամիսների ընթացքում Հայաստանի շուրջ և Հայաստանում այնպիսի փոփոխություններ կլինեն, որ իրենց պատկերացնումները կարող են այլ դառնալ։
«Այսինքն՝ իրավիճակն այնպես է փոխվում, կարող են այնպիսի իրադարձություններ տեղի ունենալ, որ բոլոր ծրագրերը փոխվեն։ Դրա համար եմ ասում՝ դեռ չգիտեմ։ Եթե ամեն ինչ կգնա այնպես, ինչպես կգնա, հաջորդ տարվա սկզբին որոշում կկայացնենք, առավել ևս, որ մենք նմանատիպ խնդիր չունենք, ոչ մեկից կախված չենք, մենք որևէ մեկին սպասելու կամ քննարկելու հարց չունենք, մեր որոշումներն ինքնուրույն ենք կայացնում»,- նշեց Ա. Կարապետյանը։
Հարցին, թե՝ տեսնո՞ւմ եք ուժեր, որոնց հետ պատկերացնում եք համագործակցությունը և կարող եք դաշինքով մասնակցել խորհրդարանական ընտրություններին, Ա. Կարապետյանը պատասխանեց, որ միշտ կարելի է գտնել նման ուժեր: «Իհարկե, իդեալական դաշինքներ կազմել Հայաստանում, դուք էլ գիտեք, որ դժվար է, բարդ է, բայց կան ուժեր, խոսակցություններ են գնում, կոնսուլտացիաներ են արվում, բայց դրանք նախնական մտքերի փոխանակումներ են։ Այնպես չէ, որ դաշտն ամայի է մնացել»,- նշեց Ա. Կարապետյանը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ որ ուժերի հետ են իրենք քննարկումներ և կոնսուլտացիաներ իրականացնում։ Նա պարզաբանեց, որ ամեն ինչ նախնական փուլում է, և հիմա ինչ էլ ասի, մնալու է խոսքի մակարդակում։
Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանի քաղաքականություն վերադարձին և նրա կողմից ստեղծվելիք ուժի հետ հնարավոր համագործակցությանը՝ Ա. Կարապետյանը նշեց, որ դատելով Վ. Դալլաքյանի մուտքից՝ չի կարծում, որ այդ ամենն արագ գործողություն կդառնա։
Վ. Դալլաքյանի հայտարարության մեջ Ա. Կարապետյանի համար կան երկու ուշագրավ հանգամանքներ. «ՀՀ-ի չինովնիկական ապարատի ամենաբարձրագույն պաշտոնյաներից մեկը հայտարարեց, որ ՀՀ նախագահը պոտենցիալ ապագա հանցագործ է, և ծանրագույն հանցագործություն՝ ֆիզիկական հաշվեհարդար։ Դուք կարո՞ղ եք աշխարհում որևէ մի նման դեպք հիշել։ Երկրորդ՝ նույն մարդը, որը, կարելի է ենթադրել, որ իր պաշտոնի համաձայն՝ ունի ինֆորմատիվ բազա, մեղադրեց ընդդիմադիր կուսկացություններից մեկին՝ իշխանությանը ծախված լինելու մեջ։ Ես հասկանում եմ, որ Հայաստանում ընդունված չէ հայտարարություններին անդրադառնալ, այնինչ բոլոր միջազգային ռեփորթներում դա գնալու է հենց այնպես, ինչպես ես եմ ասում, դա խայտառակություն է ամենավերջին աստիճանի»։