«Սա շատ լավ երկիր ա, մնալու տեղ ա, ստեղ էլ՝ ապագա կա». Արա Աբրահամյանը՝ քաղաքականություն մտնելու և երկրի տնտեսական վիճակի մասին

Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի կարծիքով՝ Հայաստանին միասնություն է հարկավոր զարգացում արձանագրելու համար։ Այսօր Երևանում անցկացվող Եվրասիական համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց  Ռուսաստանի հայերի միության ղեկավար, ռուսաստանաբնակ գործարար Արա Աբրահամյանը՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական փոփոխություններին։

Նա նշեց, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն արեց  այնքան, ինչքան կարողացավ։ «Երբ մենք նայում ենք տվյալները, թե ինչքան է Հայաստանի ՎՎՊ-ն (ՀՆԱ) աճել, մեկ ա՝ աճ ա եղել, Ռուսաստանից շատ ա աճ եղել՝ 5%, 4%։ Նա արեց այնքան, ինչքան կարողացավ։ Հիմա նոր կառավարությունը, ես շատ լավ գիտեմ պարոն Կարապետյանին՝ շատ դրական, մենք բոլորս պետք է մի բան հասկանանք, որպեսզի կառավարությունն արդյունավետ աշխատի, պետք է ուժերը միացվի, պետք ա մեր ունեցած ռեզերվները, պոտենցիալները գումարենք իրար»,- ասաց Աբրահամյանը՝ շարունակելով, որ միայն ուժերի համադրման արդյունքում երկիրը կարճ ժամանակահատվածում առաջ կմղվի։ Այնինչ, նրա որակմամբ. «Դիասպորի ուժը չի օգտագործվում, 1%՝ լավագույն դեպքում»։

Ռուսաստանի հայերի միության ղեկավարի խոսքով, պետք է վերջ տալ նաև երկրի ցուցանիշներից շարունակաբար բողոքելու ավանդույթին։ Նա պատմեց, որ արդեն երրորդ օրն է Հայաստանում և լսում է, թե ինչպես են մարդիկ ասում, որ Հայաստանն ապրելու երկիր չէ, և Հայաստանում ապագա չկա։ Արա Աբրահամյանի կարծիքով՝  «Սա շատ լավ երկիր ա, մնալու տեղ ա, ստեղ էլ՝ ապագա կա։ Մենք պետք ա մեր  մտածելակերպը փոխենք։ Շատ վատ ա տնտեսական դրությունը, մարդիկ եմ տեսնում  մեր գյուղում, որ օգնության կարիք ունեն։ Այսօր Հայաստանում կան բավականին շատ մարդիկ, ովքեր որ իրոք օգնության կարիք ունեն, բայց դա չի նշանակում, որ մենք պետք ա ասենք, մեկս մյուսին տարածենք, որ գիտեք՝ էս երկիրը ապրելու տեղ չի, էս իշխանությունը իշխանություն չի, այդպես չի։ Մենք պետք ա կարողանանք միասնական հանդես գալ։ Մենք պետք ա փոխենք մեր գաղափարախոսությունը Հայաստանում և Սփյուռքում»։

Հարցին, թե ի՞նչ փուլում են իր կուսակցության ձևավորման աշխատանքները, Արա Աբրահամյանը պատասխանեց. «Իմ քաղաքական ծրագրերը շարունակվում են»։

Տեսանյութեր

Լրահոս