
ՄԱԿ-ի նորընտիր գլխավոր քարտուղարն իր գլխավոր խնդիրն է համարում Սիրիայի պատերազմի կասեցումը

ՄԱԿ-ի նորընտիր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը հայտարարել է, որ այդ պաշտոնում իր գլխավոր խնդիրն է համարում Սիրիայի պատերազմի կասեցումը, հայտնում է BBC-ն։
«Կարծում եմ՝ միջազգային հանրության համար գլխավոր առաջնայնությունը այդ հակամարտությունն ավարտել կարողանալն է»,- հայտարարել է Գուտիերեշը BBC-ին տված հարցազրույցում։
ՄԱԿ-ի ապագա գլխավոր քարտուղարի խոսքով՝ ներկայումս աշխարհը վտանգավոր ժամանակներ է ապրում, դա վերաբերում է այն երկրներին, որոնք գտնվում են հակամարտությունների և ահաբեկչական ակտիվության գոտիներում։
Նա նշել է, որ համաշխարհային առաջնորդները շահագրգիռ են Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցմամբ և այդ թեմայով տարաձայնությունների հաղթահարմամբ։
Վերջինիս կարծիքով՝ սիրիացիները դարձան ոչ միայն իրենց խնդիրների, այլևս համաշխարհային հակասությունների և վեճերի զոհը։
Պորտուգալիայի նախկին վարչապետը պաշտոնապես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի 2017թ. հունվարի 1-ին, երբ կավարտվի ներկայիս գլխավոր քարտուղարի մանդատը։