
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհված երկու քաղաքացիների մարմիններն ինքնաթիռով կտեղափոխվեն Երևան

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած 26 քաղաքացիներ այսօր Բեսլանից օդանավով կվերադառնան Հայաստան։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։
Նույն ինքնաթիռով Երևան կտեղափոխվեն նաև վթարի հետևանքով զոհված ՀՀ երկու քաղաքացիների՝ Արևիկ Լունոնյանի և Յուրի Պողոսյանի աճյունները (վթարի հետևանքով զոհված մյուս երեք ուղևորները ՌԴ քաղաքացիներ են)։
Տեղում աշխատանքները կանոնակարգելու համար այսօր դեպքի վայր են մեկնել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը, ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը և նույն նախարարության արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից կազմակերպվել էր վթարից տուժած քաղաքացիների` ավտոբուսով վերադարձը Հայաստան։ Սակայն ՌԴ իշխանությունների կողմից առաջարկվել է տուժածների տեղափոխումը կազմակերպել ինքնաթիռով։
Օդանավի՝ Երևան ժամանելու վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն։