
Դատական ակտը դիտավորությամբ չկատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Ռուբեն Հ.-ն հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ դատական ակտը դիտավորությամբ չկատարելու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես՝ Ռուբեն Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2007 թվականի մայիսի 4-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է իր հայցը՝ պարտավորեցրել պատասխանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությանը՝ թիվ 369 էլեկտրաենթակայանը տեղափոխելու վերաբերյալ:
Ինքը կատարողական թերթն անձամբ ներկայացրել է հարկադիր կատարման ծառայության Կենտրոն և Նորք-Մարաշի բաժին, սակայն մինչ օրս պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք դիտավորությամբ չեն կատարել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: