«Դրանից հետո՝ տանկեր, սամալյոտ… սաղ հանեցիք այդ մարդկանց դեմ». Թևան Պողոսյանը՝ Լևոն Մարտիրոսյանին
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի կարծիքով՝ վերջին ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանություններն ապրում են վախերի մեջ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ իշխանությունը նոր փոփոխությունների մասին է հայտարարում, բայց ամենաշատն ինքն է վախենում փոփոխություններից. «Վախերն այնքան շատ են, որ ընտրություններից մեկ շաբաթ անց Վանաձորում տեղի ունեցած քվեարկության ժամանակ օգտագործեցին բոլոր ուժային մեթոդները»:
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը համամիտ չէր. «Իշխանությունն ի՞նչ կապ ունի»: Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի՝ Վանաձորի ընտրությունները նման էին մաֆիա խաղին, երբ բոլորը հայտարարում են, որ «կարմիր» են, բայց պարզ է՝ մի քանիսը «սև» են լինում:
«Մարդիկ հուշագիր են ստորագրել, բայց պարզվել է, որ մի քանի հոգի «սև» են դուրս եկել: Հիմա էդ մարդկանց խնդիրն է, որ իրենք պարտվել են, ՀՀԿ-ն ի՞նչ կապ ունի այդ հուշագրի հետ: Սա իհարկե, լավ դաս է՝ և՛ քաղաքական համակարգի, և՛ մեր հասարակության համար: Ընդհանրապես ՏԻՄ ընտրությունները շատ հարցերի պատասխաններ տվեցին, բազմաթիվ բաներ հստակեցվեցին քաղաքական, բարոյական առումներով: Արդեն նշեցի՝ պարզվեց, թե ով ով է»,- ասաց Լ. Մարտիրոսյանը:
Թևան Պողոսյանն էլ արձանագրեց. «Այսօրվա իշխանություններն ամեն ինչ գիտեն. գիտեն՝ սևին, կարմիրին, որովհետև կարմիրին չեն կարողացել ճնշել, իսկ սևերն էլ իրենց մարդիկ են, գիտեն: Փաստն այն է, որ 14 հոգի կարմիր են: Բայց ինձ մի հարց է զարմացնում՝ այդքան իշխանություն ունենալով ու պատկերացնելով՝ դե 34 տոկոսն ունենք, մեկ է՝ մենք ենք հաղթելու, այդ ի՞նչ էր լինելու, որ այդքան միջոց տրամադրեցիք այդ 4 ձայնի համար: Դրանից հետո՝ տանկեր, սամալյոտ… սաղ հանեցիք այդ մարդկանց դեմ»:
Լևոն Մարտիրոսյանն այսպես արձագանքեց. «Պարզ է՝ ես դրա հետ կապ չունեմ, երկրորդ՝ ոչ մի վախենալու բան չկա, երրրորդ՝ էլի եմ կրկնում՝ մարդիկ ստորագրել են, սևեր են եղել, մեր կողմն ի՞նչ կապ ունի: Եթե ձեր ստորագրած բանը չեք հարգում, ո՞վ է մեղավոր»: