Վլադիմիր Պուտինը ժամանեց Երևան
Հայաստան ժամանեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Վլադիմիր Պուտինը և Տաջիկստանի, Ղրղզստանի, Բելառուսի նախագահները, ինչպես նաև Ղազախստանի վարչապետը Երևանում են` մասնակցելու հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որը կվարի Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նստաշրջանում կքննարկվեն ՀԱՊԿ նախորդ տարվա գագաթնաժողովների որոշումների իրականացման ընթացքը, ինչպես նաև Կազմակերպությունում նախագահության ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրված առաջնահերթությունները:
Նիստի օրակարգում ընդգրկված երկու տասնյակ հարցերի շրջանակում կքննարկվեն միջազգային իրավիճակը և հավաքական անվտանգության ապահովման արդիական հարցեր, կդիտարկվեն մինչև 2025թ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության և ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ որոշումների նախագծերը, ՀԱՊԿ գործունեության կատարելագործման, ինչպես նաև միջազգային ահաբեկչությանը հակազդեցության վերաբերյալ որոշումների իրականացումը:
Նախատեսվում է մի շարք քաղաքական հայտարարությունների ընդունում: Նիստում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները որոշում կկայացնեն նաև Կազմակերպության գլխավոր քարտուղարի վերաբերյալ: