Բեսլանի մոտ վթարված ավտոբուսը ուղևորափոխադրումներ իրականացնելու թույլտվություն չի ունեցել
Ուղևորափոխադրողը, որը այսօր առավոտյան վթարի է ենթարկվել Հյուսիսային Օսիայում, գործունեություն է ծավալել առանց ՌԴ տրանսպորտի նախարարության թույլտվության։ Այս մասին TASS-ին հայտնել են ՌԴ «Փոխադրումների կազմակերպիչ» պետական ընկերությունից։
«Տեղեկություն ուղևորափոխադրողի մասին, որը նախօրեին վթարի է ենթարկվել Բեսլանի մոտ, բացակայում է ՌԴ տրանսպորտի նախարարության կանոնավոր միջազգային ավտոբուսային երթուղիների ռեեստրից։ Ավտոբուսը Մոսկվայից դուրս է եկել հոկտեմբերի 13-ին։ Քաղաքային ավտոկայարաններում տվյալ ուղերթի մասին տեղեկություններ չկան»,- հայտնել են գործակալությանը մամուլի ծառայությունից։
«Հոկտեմբերի 14-ի առավոտյան Հյուսիսային Օսիայում ավտոբուսը բախվել է Scania ավտոքարշին։ Սրահում գտնվել է 52 ուղևոր։ Ներկայումս տեղեկություններ կան 5 զոհի և 27 տուժածների մասին»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Այնտեղ բացատրել են, որ միջազգային երթուղում պաշտոնապես աշխատելու համար ուղևորափոխադրողը պետք է պայմանագիր կնքի ավտոկայարանի հետ և ստանա ՌԴ տրանսպորտի նախարարության համաձայնությունը։ Մոսկվա-Երևան-Մոսկվա երթուղու ուղևորների հարմարավետության համար կկազմակերպվեն պաշտոնական չվերթեր, երթուղում կգործեն «Գոլդեն Տրանս-Տուր» ու «Եվրասիա» ընկերությունները։ Ավտոբուսները Երևան կուղևորվեն «Հարավային դարպասներից»։
Վթարի հետևանքով զոհվել է 5 մարդ, 27-ը հոսպիտալացվել է, որոնցից 4-ը՝ 10-15 տարեկան երեխաներ են։ Հիվանդանոցներում է մնում դեռևս 9 տուժած՝ 4 երեխա և 5 մեծահասակ։