
Վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը. TASS

Բեսլանի մոտ վթարի ենթարկված ավտոբուսի վարորդը կորցրել է ավտոբուսի կառավարումը։ Այս մասին TASS-ին հայտնել է Հյուսիսային Օսիայի ՆԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչը։
«Նախնական տեղեկություններով՝ ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը և բախվել է կայանված ավտոգնացքին»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։
Իր հերթին, իրավապահ մարմիններում աղբյուրը հայտնել է TASS-ին, թե վարորդը կարող էր քնել ղեկին։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսիայում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, վթարի է ենթարկվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսը:
Ավելի վաղ ՌԴ ԱԻՆ-ը հայտնել էր, որ Հյուսիսային Օսիայում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 5 մարդ, 27-ը՝ հոսպիտալացվել, որից չորսը 10-15 տարեկան երեխաներ են։