Բաժիններ՝

«Ռուսաստանի նախագահի օգնականի հայտարարությունը հակասում է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպումների ոգուն». Ադրբեջանի ԱԳՆ

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հարուցում է զարմանք և ափսոսանք, ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը։

Նրա խոսքով՝ Ուշակովի տվյալ հայտարարությունը հակասում է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպումների ոգուն և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին, որ հնչեցվել են բազմիցս նախարարների մակարդակով, ստատուս քվոյի անընդունելիության և անկայունության մասին։

Վերջինս հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահի օգնականի տվյալ հայտարարությունը նաև չի համապատասխանում մանրակրկիտ քննարկումներին, որ անցկացվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման նպատակով ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի՝ տարածաշրջան ինտենսիվ այցերին։

«Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ հանդես է գալիս ԼՂ հակամարտության փուլային կարգավորման վերաբերյալ բովանդակային բանակցությունների անցկացմանը՝ համաձայն Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ոգուն։

Առարկայական բանակցությունները պետք է հանգեցնեն անընդունելի ու անկայուն ստատուս քվոյի փոփոխությանն ու հայկական զորքերի դուրսբերմանը»,- ասել է Հաջիևը:

Երեկ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, թե Մոսկվան մեծ լավատեսություն չունի, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մոտ ժամանակներս կկարգավորվի, Մոսկվան կշարունակի աշխատանքը Երևանի և Բաքվի հետ։
«Ես չէի ասի, թե մենք մեծ լավատեսություն ունենք այդ հակամարտության կարգավորման առնչությամբ մոտ ժամանակներս: Բայց մենք կշարունակենք հետևողական աշխատանքը և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ, բնականաբար»,- ասել է Ուշակովը լրագրողներին:

Միևնույն ժամանակ, նա հրաժարվել է բացահայտել բանակցությունների «ներքին խոհանոցը»՝ նշելով, թե քննարկվում են բազմաթիվ տարբերակներ ու առաջարկներ:
«Սակայն ներկայումս, ևս մեկ անգամ կրկնում եմ, հիմքեր չեն դիտվում լավատեսության համար»,- հավելել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս