
Ռուսաստանը մտադիր է էլ ավելի մեծ տեղ տալ հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը. Մաքսիմ Սոկոլով

Ռուսաստանը մտադիր է առաջիկայում էլ ավելի մեծ ուշադրություն ցուցաբերել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը: Այդ մասին հինգերորդ հայ-ռուսական միջտարածաշրջանային և Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովների բացման ժամանակ հայտարարեց ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:
«Առևտրատնտեսական ոլորտում Հայաստանի խոշոր գործընկերը Ռուսաստանն է, և մենք մտադիր ենք առաջիկայում էլ ավելի մեծ տեղ տալ հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը: ՌԴ-ն հիմնական ներդրողն է Հայաստանի տնտեսության մեջ, ինչն արդեն իսկ կազմել է չորս միլիարդ դոլար: Հայաստանում գործում են ռուսական կապիտալով 1200-ից ավելի ձեռնարկություններ»,- նշեց Սոկոլովը:
Միաժամանակ, Սոկոլովն ասաց, որ աշխատանքներ են տարվում Ռուսաստանը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհով՝ Վերին Լարսով, բեռնափոխադրումները հեշտացված կարգով իրականացնելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ նախորդ տարի Լարսում արդեն իսկ գործել է ԵԱՏՄ երկրների համար նախատեսված առանձին ուղեգոտի, որն ավելի հեշտացված կարգով հնարավորություն է տալիս իրականացնել ուղևորաբեռնափոխադրումներ:
«Մենք ակտիվ համագործակցում ենք նաև միասնական տրանսպորտային քաղաքականության, բաց երկնքի հաստատման ուղղությամբ»,- ընդգծեց Սոկոլովը: Նա, միաժամանակ, կարևորեց Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների միջև համագործակցության և կապերի խորացումը: