«Շատ մեծ ներուժ ունենք հայ-ռուսական հարաբերություններն է՛լ ավելի խորացնելու համար». Կարեն Կարապետյան
Հայաստանում հոկտեմբերի 14-16-ն անցկացվում է Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովը: Այս համաժողովի, ինչպես նաեւ համատեղ մեկնարկած Հայ-ռուսական միջտարածաշրջանային հինգերորդ համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Ես իսկապես ուրախ եմ արդեն հինգերորդ հայ-ռուսական համաժողովի անցկացման կապակցությամբ: Այս հարթակը միանշանակ օգտակար է, երբ հանդիպում են գործընկերները, նույն մտածելակերպն ունեցող մարդիկ՝ գտնելու օպտիմալ լուծումներ, փոխանակելու իրենց փորձը, ստեղծելու բիզնեսի զարգացման ուղիներ: Չնայած հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակին՝ կարծում եմ՝ շատ մեծ ներուժ ունենք այն է՛լ ավելի խորացնելու համար: Միջազգային ինտեգրացիոն գործընթացները, որոնք տեղի են ունենում Եվրասիական տիրույթում, դրան միայն կարող են նպաստել»,- ասաց ՀՀ վարչապետը:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանն իր ելույթում նշեց, որ համաժողովը նպաստելու է մի շարք ոլորտներում հայ-ռուսական համագործակցության ամրապնդմանը:
«2011 թվականին մեր երկրները Երեւանում նախաձեռնեցին Հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովի անցկացումը, որն այս տարիներին ապացուցեց, որ պահանջված է: Այն նպաստեց մեր տարածաշրջանների ներուժի բացահայտմանը, ինչպես նաեւ ամուր հիմքեր դրեց մեր միջտարածաշրջանային համագործակցության համար: Այսօր գոհունակությամբ կարելի է ասել, որ ֆորումը կարեւոր հարթակ է, որը համախմբում է մեր երկրների կառավարական, գործարար, հասարակական ոլորտի ներկայացուցիչներին: Հայ-ռուսական փոխգործակցության օրակարգային մի շարք հարցեր առնչվում են առեւտրատնտեսական կապերի ամրապնդմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը, արդյունաբերության, էներգետիկայի եւ այլ ոլոլորտներում համագործակցության ընդլայնմանը»,-նշեց Արմեն Գեւորգյանը: