
Արցախի հյուսիսային ուղղությամբ անցկացված զորավարժությունն ուղեկցվել է մարտական կրակով

Հոկտեմբերի 13-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում ընթացող գնդային-մարտավարական զորավարժության շրջանակում անց է կացվել գումարտակային-մարտավարական զորավարժություն` մարտական կրակի կիրառմամբ, որի ընթացքին հետևել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
Զորավարժությունը ներառում էր ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակողական տարրեր, որի ընթացքում պայմանական մարտադաշտում խաղարկվել են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման գործողությունների, մխրճված հակառակորդի ջախջախման ու հետապնդման և կորցրած դիրքերի վերականգնման դրվագներ:
Զորավարժության ընթացքում արձանագրվել են կրակային խոցման բարձր արդյունքներ, իրականացվել է զորքերի անընդհատ ղեկավարում, փոխգործակցությունն ու ներդաշնակ գործողությունները ենթակա և տրված ստորաբաժանումների միջև գումարտակի հրամանատարի կողմից կազմակերպվել է պահանջվող չափանիշներին համապատասխան: Առանձին դրվագներում զորախաղերին մասնակից հրամանատարները բանակի հրամանատարի կողմից ստացել են նաև անհրաժեշտ մեթոդական ցուցումներ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն