Բաժիններ՝

Բեսլանում վթարի հետևանքով տուժել են նաև ԼՂ-ի ՆԳ փոխնախարարի ծնողները

Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի նախարարի տեղակալի ծնողները տուժել են Հյուսիսային Օսիայում՝ Բեսլանի մոտ տեղի ունեցած ավտոբուսային վթարի հետևանքով։ Այս մասին TASS-ին հայտնել է Հյուսիսային Օսիայի Պրավոբորեժնի շրջանի ղեկավարի տեղակալ Վալերի Կառլովը։

«Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի փոխնախարարի մայրը ներկայումս գտնվում է Վլադիկավկազի Հանրապետական կլինիկական հիվանդանոցում, նա ստացել է թեթև վնասվածքներ։ Փոխնախարարի հայրը նույնպես գտնվել է ավտոբուսում և ներկայումս ժամանակավոր տեղակայման կետում է, որն ստեղծվել է Բեսլանի մշակույթի պալատում»,- ասել է Կառլովը։

Նրա խոսքով՝ որոշվում է ժամանակավոր տեղակայման երկրորդ կետի բացման հարցը։
Ավելի վաղ Հյուսիսային Օսիայի առողջապահության նախարար Միխայիլ Ռատմանովը հայտնել էր, որ Մոսկվա-Երևան ավտոբուսի 5 զոհերը Հայաստանի քաղաքացիներ են։ Ռատմանովի խոսքով՝ «ավտոբուսում գտնվել է 4 ռուս՝ Ռոստովի մարզի մարզիկ երեխաներ»։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսիայում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, վթարի է ենթարկվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսը:

Ավելի վաղ ՌԴ ԱԻՆ-ը հայտնել էր, որ Հյուսիսային Օսիայում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 5 մարդ, 27-ը՝ հոսպիտալացվել, որից չորսը 10-15 տարեկան երեխաներ են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս