
Առողջական խնդիրներ չունեցող քաղաքացիներին Երևան տեղափոխող ավտոբուսը ճանապարհին է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսեթիայիում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, վթարի է ենթարկվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսը:
Ավտոբուսի 50 ուղևորներից 27-ը, ովքեր բուժօգնության կարիք չունեն, գտնվում են Բեսլանի մշակույթի տանը։ Նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հանձնարարությամբ կազմակերպվել է առողջական խնդիրներ չունեցող քաղաքացիների վերադարձը Հայաստան։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։
Նրանց Երևան տեղափոխող ավտոբուսն արդեն ճանապարհին է։ Այս պահին վթարի վայրում աշխատում են փրկարարները, ոստիկանները, շտապ օգնության աշխատակիցները:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում ձևավորված օպերատիվ խումբն ուսումնասիրում է դեպքի մանրամասներն ու հետևանքները: Վթարի առնչությամբ նախարարությունում գործում է թեժ գիծ` 59-01-02, 59-01- 04, 59-01-05 հեռախոսահամարներով: