Բաժիններ՝

Թուրք ազգայնականները մտադիր են խափանել «Խոստում» ֆիլմի համաշխարհային վարձույթը. The Nation

Հոլիվուդյան «Խոստում» (The Promise) ֆիլմի հեղինակները չեն բացառում, որ թուրք ազգայնականները կփորձեն տարբեր սադրանքների դիմել՝ խափանելու ֆիլմի համաշխարհային կինովարձույթը, գրում է ամերիկյան The Nation պարբերականը:
Հոդվածագիր Պիետրո Շաքարյանը գրում է, որ Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմերի նկարահանումները ձախողելու փորձերը Թուրքիայի կառավարությունը ձեռնարկել է դեռ 1930-ականներին, երբ MGM կինոստուդիան նպատակ ուներ էկրանավորել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը:

Հոդվածագիրը գրում է, որ դրանից հետո նկարահանված ֆիլմերը՝ Հենրիկ Մալյանի «Նահապետ» (1977), Ատոմ Էգոյանի «Արարատ» (2002), Պաոլո և Վիտորիո Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» ֆիլմերը (2007) հասու չեն եղել ամերիկացի հանդիսականին

«Չնայած այն բանին, որ «Խոստումը» պրոֆեսիոնալ նկարահանված ֆիլմ է, որին սպասվում է աննախադեպ հաջողություն, բացառված չէ, որ այն վարձույթում կբախվի տարբեր մարտահրավերների: Թուրք ազգայնականներն արդեն ամեն ինչ անում եմ՝ արգելափակելու ֆիլմը կինոյի մասին տվյալների բազայի խոշորագույն կայքում՝ IMDb-ում (Internet Movie Database), ինչպես նաև Twitter-ում և Facebook-ում»,- գրում է պարբերականը:

The Nation-ը նաև նշում է, որ Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական լոբբին ողջ ԱՄՆ-ում և Եվրոպայում մոբիլիզացնում է իր ուժերը, որպեսզի նվազեցնի ֆիլմի վարձույթից գոյացող գումարները: Չնայած դրան՝ ֆիլմի հեղինակները հուսով են, որ նման փորձերը կձախողվեն և Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը կհաղթանակի:
Ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմում նկարահանվել են այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են Շառլոտ լը Բոնը, Ջեյմս Քրոմվելը, Ժան Ռենոն, Շորե Ագդաշլուն և Անժելա Սարաֆյանը:

Օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջի հեղինակած ֆիլմում հանրահայտ օսկարակիր դերասան Քրիստիան Բեյլը մարմնավորում է սիրահարված, Առաջին աշխարհամարտի ճակատում հայտնված երիտասարդ Քրիսին, իսկ Օսկար Այզեքը` նույն կնոջը սիրահարված, բայց հին աշխարհի ավանդույթներին բախվող Միքայելին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս