
Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին ավտոմեքենան բախվել է ձիուն. մեքենայի ուղևորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Հոկտեմբերի 13-ին, ժամը 01.17-ին ահազանգ է ստացվել, որ Տեղ և Խնածախ գյուղերի խաչմերուկի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-12 միջպետական ավտոճանապարհի Գորիս – Ստեփանակերտ հատվածի 20-րդ կմ-ում՝ Տեղ գյուղի մոտակայքում, «Մերսեդես C-180» մակնիշի 45 MO 500 պ/հ (վարորդ Գ. Մ., ծնվ. 1978 թ.) ավտոմեքենան բախվել է ձիուն, ինչից ավտոմեքենայի ուղևոր Ս. Գ.-ը (ծնված 1994 թ.) հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: