Բաժիններ՝

Չինաստանի ամենահարուստ մարդու կարողությունը գնահատվում է 32,1 մլրդ դոլար

Չինաստանի ամենահարուստ բնակիչ է ճանաչվել Dalian Wanda Group-ի ղեկավար Վան Ցզյանլինը, որի կարողությունը գնահատվում է 32,1 մլրդ ամերիկյան դոլար։

Հոկտեմբերի 13-ին «Հուրուն» (Hurun Research Institute) հետազոտական կազմակերպությունը հրապարակել է Չինաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշը: Անցյալ տարի եւս Վան Ցզյանինը ճանաչվել էր ՉԺՀ-ի ամենահարուստ մարդը: Տարվա ընթացքում նրա կարողությունը կրճատվել է 2 տոկոսով: Վան Ցզյանլինը Չինաստանի ամենահարուստ մարդն էր ճանաչվել նաեւ 2013 թվականին: Այն ժամանակ նրա կարողությունը գնահատվել էր 22 մլրդ դոլար:

Վարկանիշի երկրորդ տեղում Alibaba Group չինական խոշոր ինտերնետ-ընկերության հիմնադիր Ջեկ Ման է , նրա կարողությունը կազմում է 30,3 մլրդ դոլար, ինչը 41 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ: Վարկանիշի առաջատարների առաջին եռյակը եզրափակել է Tencent հեռահաղորդակցական ընկերության հիմնադիր Պոնի Ման (Մա Խուատեն)՝ 24,6 մլրդ դոլար կարողությամբ (2015 թվականի համեմատությամբ աճը՝ 38 տոկոս):

Չինաստանի տասը ամենահարուստ մարդկանց վարկանիշում չորրորդ հորիզոնականն զբաղեցրել է անշարժ գույքի ոլորտի Baoneng Group ընկերության ղեկավար Յաո Չժենխուան՝ 17,2 մլրդ դոլար կարողությամբ: Տարվա ընթացքում այն ավելացել է 820 տոկոսով:

«Հուրուն»-ի տվյալների համաձայն՝ ներկայում աշխարհում հաշվվում է 754 չինացի միլիարդատեր, որոնցից 594-ն ապրում են մայրցամաքային Չինաստանի տարածքում, 94-ը՝ Մակաոյում, Հոնկոնգում եւ Թայվանում, եւս 66-ը՝ աշխարհի այլ տարածաշրջաններում ու երկրներում:

«Հուրուն» հետազոտական կազմակերպության առաջին վարկանիշը հրապարակվել է 1999 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս