Միլիարդատերերի թիվն աճել է, ընդհանուր հարստությունը՝ կրճատվել
Աշխարհում միլիարդատերերի ընդհանուր թիվը 2015 թվականին ավելացել է 50-ով, մինչեւ 1397, բայց նրանց միագումար հարստությունը կրճատվել է 305 մլրդ դոլարով՝ մինչեւ 5,1 տրլն դոլար: Այդ մասին ասված է UBS բանկի եւ PricewaterhouseCoopers աուդիտորական ընկերության կողմից անցկացված հե տազոտության մեջ: The Guarrdian թերթը նշում է, որ միջին հաշվով յուրաքանչյուր միլիարդատեր անցյալ տարի աղքատացել 262 մլն դոլարով:
Հետազոտության հեղինակները պարզել են, որ 2015 թվականին Ասիայում յուրաքանչյուր երեք օրում նոր միլիարդատեր էր հայտնվում, իսկ ԱՄՆ-ում ամբողջ տարվա ընթացքում հայտնվել է միայն հինգ նոր միլիարդատեր: Նոր միլիարդատերերի մեծամասնությունը երիտասարդ ձեռնարկատերեր են, որոնք հարստացել են անշարժ գույքի, տեխնոլոգիական բիզնեսի կամ առեւտրի շնորհիվ:
ԱՄՆ-ն առաջին տեղում է մնում երկրում ապրող միլիարդատերերի թվով, սակայն անցյալ տարի նրանց կազմը լրջորեն փոխվել է. ցուցակում հայտնվել է 41 նոր ազգանուն, իսկ 36 մարդ դուրս է մնացել ցուցակից: Ամերիկացի միլիարդատերերի միագումար կարողությունը կրճատվել է 6 տոկոսով եւ կազմել է 2,4 տրլն դոլար:
Իսկ Եվրոպան առավել հարմար տարածաշրջանն է եղել հարստությունը պահպանելու համար. եվրոպացի միլիարդատերերը, որոնք պատկանում են տարբեր սերունդների, 2015 թվականը շատ ավելի լավ են վերապրել, քան աշխարհի մյուս մասերում ապրող նրանց գործընկերները: «Հնարավոր է՝ Եվրոպան լավագույն վայրը չէ հսկայական կարողություն ստեղծելու համար, բայց Եվրոպան ապացուցել է, որ այն ավելի լավ է պահել հենց այնտեղ»,-ասված է հետազոտության մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: