Բաժիններ՝

Շեֆֆիլդի համալսարանի Executive MBA ծրագիրը մեկնարկեց նաև Երևանում

Աշխարհի լավագույն 100 համալսարաններից մեկը հանդիսացող բրիտանական Շեֆֆիլդի համալսարանը և Շեֆֆիլդի համալսարանի Միջազգային ֆակուլտետ Սիթի քոլեջի Executive MBA ծրագիրը մեկնարկեց նաև Երևանում: Այն նորարարական ծրագիր է մենեջերների և գործարարների համար, ովքեր ցանկանում են կատարելագործել անձնական և մասնագիտական առաջխաղացման համար անհրաժեշտ հմտություններն ու գիտելիքները:

Շեֆֆիլդի համալսարանի Միջազգային ֆակուլտետ Սիթի քոլեջի  նախագահ Յաննիս Վերվերիդիսը ծրագրի մեկնարկին հանդես եկավ բացման խոսքով և հույս հայտնեց, որ ծրագիրն իր մեծ ներդրումը կունենա Հայաստանի կրթության ոլորտում.

«Դա այն համալսարանն է , որը տվել է վեց Նոբելյան մրցանակակիր: Դա իրոք միջազգային համալսարան է, որի գիտական, ուսումնական և այլ մասնագիտական ուսանողներն ազդեցություն ունեն ամբողջ աշխարհում: Միջազգային ֆակուլտետը միակն է, որը գտնվում է Հունաստանում: Ես հպարտությամբ կարող եմ ասել, որ վերջին տարիներին մեզ միացել են հայ ուսանողներ, որոնք առանձնանում են իրենց հոյակապ ուսուցումով: Մեր տեսլականն ու նպատակը՝ իբրև գլոբալ համալսարան, մեծ ազդեցություն և հետք թողնելն է մեր ուսանողների միջոցով: Նույն տեսլականը Երևանի վրա ևս տարածվում է. Կրթություն տալ մարդկանց մեր համալսարանի ստանդարտներով, փոխել իրենց կյանքը, և ներդրում կատարել հասարակության ու էկոնոմիկայի զարգացման մեջ»:

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն էլ իր հերթին՝ կարևորեց ծրագրի մեկնարկը Երևանում և նշեց, որ մեր հիմնական ռեսուրսը մարդկային կապիտալն է.

Կարդացեք նաև

«Հայ ժողովուրդը ձևավորման առաջին օրից հատուկ ուշադրություն է դարձրել կրթությանն ու մարդկային ռեսուրսին: Մեզ համար ամենակայուն կապիտալը գիտելիքի կապիտալն է: Սա նաև Խորհրդային Միության ժամանակ Հայաստանը դարձրեց ԽՍՀՄ ամենակրթված տարածքներից մեկը: Իսկ անկախացումից հետո մենք կրթության համար բաց դռների քաղաքականություն հայտարարեցինք, ու անկախությունից հետո ամենադժվարին տարիներին բացվեց Ամերիկյան  համալսարանը, հետո՝ Ֆրանսիական, Ռուսական և այլն: Մենք կարողացանք ստեղծել եվրոպական չափանիշներին համապատասխան կրթական մակարդակ: Այս ծրագրի մեկնարկն էլ կարող է շատ կարևոր նշանակություն ունենալ Հայաստանում կրթության որակի բարձրացման առումով: Այն ծրագիրը, որ կիրառում է այդ համալսարանը, մեզ համար նորություն է, ու հույս ունեմ, որ այս փորձից հետո կկարողանանք հրավեր անել առաջատար այլ համալսարանների»:

14677877_994513393992255_26817942_o

Executive MBA ծրագիրն ամսական մեկ անգամ՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, թույլ է տալիս զբաղված ղեկավարներին համատեղել աշխատանքն ուսման հետ: Հայաստանում մենեջերներին և գործարարներին առաջարկվում է բարձրակարգ բրիտանական կրթություն և լայն ճանաչողություն վայելող MBA կոչում ստանալու հնարավորություն՝ ապրելով, աշխատելով և սովորելով Երևանում: Կոչումները շնորհվելու են Մեծ Բրիտանիայի Շեֆֆիլդի համալսարանի կողմից: Դասերը կանցկացնեն Եվրոպայի առաջատար մասնագետները:

Հայ ուսանողների առաջին խումբը, որը սովորելու է համալսարանում, արդեն ձևավորվել է: Յաննիս Վերվերիդիսը վստահություն հայտնեց, որ բանիմաց թիմ է ձևավորվել, ու նշեց, որ իրենք էլ այդ ուսանողներից շատ բան ունեն սովորելու:

Տեղակայված լինելով Հունաստանի Սալոնիկ քաղաքում, Միջազգային ֆակուլտետը բաղկացած է հետևյալ չորս բաժիններից. Գործարար կառավարում և էկոնոմիկա, Հոգեբանություն, Համակարգչային գիտելիքներ և Անգլերեն լեզվի ուսումասիրություններ:

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթն էլ նշեց, որ Միացյալ Թագավորությունն առաջ ընթացող ու մեծ մասշտաբներով մտածող երկիր է, իսկ Շեֆֆիլդի համալսարանը, որ իրեն նկարագրում է՝ որպես գլոբալ համալսարան, ըստ դեսպանի՝  հավատարիմ է իր սկզբունքին.

«Այն զարգացող համալսարան է ու հզոր կապեր է ձևավորում ամբողջ աշխարհի հետ: Ես ուրախ եմ, որ այս ծրագիրը հասանելի է նաև հայ ուսանողների համար: Այստեղ բարձր է գնահատվում կրթությունը: Իսկ ծրագիրը ոչ միայն գիտելիքներ կտա, այլև կուժեղացնի նրանց ու թույլ կտա ներդրում ունենալ Հայաստանի զարգացման հարցում»:

ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության դեսպան Նաֆսիկա Նէնսի Էվա Վրաիլան էլ հավելեց, որ թեև Հունաստանում է ստացել իր կրթությունը, իսկ ասպիրանտուրան ավարտել Ֆրանսիայում, բայց այս ծրագրի հունական մասը տեսանելի է այնքանով, որ Սիթի քոլեջը տեղակայված է Հունաստանում.

«Սալոնիկն ունի երկու պետական համալսարան, բայց ընդունեց նաև Սիթի քոլեջը, որն աշխարհի լավագույն հարյուր համալսարաններից է: Ուրախ եմ, որ Սիթի քոլեջը Հայաստանի ղեկավարներին այսօր հնարավորություն է տալիս սովորել լավագույն ավանդույթներով: Բայց այս ծրագրի շրջանակներում նրանք նաև հնարավորություն կունենան գնալ Սալոնիկ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս