Բաժիններ՝

Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը

«Երևանէքսպո» ցուցահանդեսային համալիրում այսօր բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը: Այն բաց կլինի մինչև հոկտեմբերի 15-ը:

«ArmHiTec-2016» միջազգային ցուցահանդեսի նպատակն է՝ ներկայացնել Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների նորագույն ռազմական տեխնիկաները, ռազմաարդյունաբերության նորարարական մշակումները:

Ցուցահանդեսի թեմատիկ ցանկն ընդգրկում է սպառազինությունների և ռազմական տեխնիկայի գործնականում կիրառվող ողջ տեսականին, նորարարական տեխնոլոգիաների և բարձր ճշգրտության զենքի մշակումները, մարտի կառավարման, հաղորդակցման և կապի, զորքերի կառավարման, ռոբոտատեխնիկական համակարգեր, անօդաչու ավիացիա, թռչող ապարատներ և համակարգեր, անօդաչու ավիացիայի հետ պայքարի տեխնոլոգիաներ, հայտնաբերման, որոնման և զննման միջոցներ, ճշգրիտ զենք, լազերային տեխնոլոգիաներ, օպտիկական-էլեկտրոնային սարքավորումներ և համակարգեր, ՀՕՊ միջոցներ, ռադիոհետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի և ռադիոհակազդման միջոցներ, «Ապագայի զինվորի» սպառազինություն, տեխնոլոգիաներ, հանդերձանք և այլ թեմատիկ բաժիններ:

Ցուցասրահի առաջին հարկն ամբողջովին տրամադրվել է հայկական ընկերություններին: Այստեղ ներկայացված են թե՛ պետական աջակցությամբ գործող, և թե՛ մասնավոր ընկերություններ: Իսկ երկրորդ հարկում տեղ են գտել ցուցահանդեսին մասնակցող արտասահմանյան ընկերությունների մշակումները:

Առաջին անգամ իրականացվող միջազգային այս ցուցահանդեսին մասնակցում են Ռուսաստանը, Հունգարիան, Չինաստանը, Լեհաստանը, ԱՄՆ-ը և Գերմանիան ներկայացնող ընկերություններ: Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Ողջույնի խոսքում Վիգեն Սարգսյանը նշեց, որ այժմ ժամանակներ են, երբ ռազմաարդյունաբերության ոլորտում մեծ դեր ունի ինովացիան: Ինովացիոն տեխնոլոգիաները կարողանում են նորովի լուծել վաղուց արդեն հայտնի խնդիրները:
Ըստ Վիգեն Սարգսյանի՝ «ArmHiTec-2016»-ն ունի բոլոր նախադրյալները ռազմաարդյունաբերության նորարական գաղափարները մշակելու և զարգացնելու հարթակ դառնալու համար:

vigen sargsyan

«Ցուցահանդեսում հիմնական շեշտը դրված է բարձր տեխնոլոգիական լուծումների վրա: Հայաստանն ավանդաբար առաջատար դիրք է ունեցել էլեկտրոնիկայի, օպտիկայի, լազերային տեխնոլոգիաների, կիբեռնետիկայի, ռադիոֆիզիկայի ոլորտներում: Հիմա Հայաստանն ունի մեծ ներուժ՝ պաշտպանության ոլորտում նորագույն մշակումները կիրառելու և ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար»,- նշեց Վիգեն Սարգսյանը:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էր նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Այն, ինչ կատարվում է ՀԱՊԿ-ի շրջանակում, ուղղված է ՀԱՊԿ անդամ-երկրների անվտանգության ապահովմանը: Հիմնական շեշտը դրվում է քաղաքական միջոցներով անվտանգության ապահովման վրա: Այդ ներուժը պետք է նպատակային օգտագործել: Դրա համար պետք է ապահովված լինել ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով»,- նշեց Բորդյուժան:

bordyuja

Ըստ Ն. Բորդյուժայի՝ նորարարական տեխնիկան պետք է լինի այնպիսին, որ զինծառայողները չունենան դրանք օգտագործելու դժվարություններ:
Ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ «ArmHiTec-2016»-ը հնարավորություն է միասնական ուժերով նոր զինատեսակների ստեղծման և նորարական լուծումների մշակման համար:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս