
«Մոսկվան մեծ լավատեսություն չունի մոտ ապագայում ԼՂ հակամարտության կարգավորման հարցի նկատմամբ». Յուրի Ուշակով

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, թե Մոսկվան մեծ լավատեսություն չունի, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մոտ ժամանակներս կկարգավորվի, Մոսկվան կշարունակի աշխատանքը Երևանի և Բաքվի հետ, հայտնում է RIA Novosti-ն։
«Ես չէի ասի, թե մենք մեծ լավատեսություն ունենք այդ հակամարտության կարգավորման առնչությամբ մոտ ժամանակներս: Բայց մենք կշարունակենք հետևողական աշխատանքը և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ, բնականաբար»,- ասել է Ուշակովը լրագրողներին:
Միևնույն ժամանակ, նա հրաժարվել է բացահայտել բանակցությունների «ներքին խոհանոցը»՝ նշելով, թե քննարկվում են բազմաթիվ տարբերակներ ու առաջարկներ:
«Սակայն ներկայումս, ևս մեկ անգամ կրկնում եմ, հիմքեր չեն դիտվում լավատեսության համար»,- հավելել է նա։
Հայաստանին մատակարարվող սպառազինությունների մասին հարցին պատասխանելիս Ուշակովն ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է և իրավունք ունի մատակարարել սպառազինություններ, որոնց վերաբերյալ կան պայմանավորվածություններ։ «Այստեղ ոչ մի անսպասելի բան չկա ոչ ոքի, նաև մեր ադրբեջանցի գործընկերների համար։ Ինչպես գիտեք, Ադրբեջան նույնպես զենք է մատակարարվում»,- ասել է Ուշակովը: