Դատարան տեղափոխելիս փախուստի դիմած երիտասարդը հայտնաբերվել է. Ոստիկանություն
Հոկտեմբերի 12-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Մյասնիկյանի պողոտայի ռեստորանային համալիրներից մեկի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1993 թ. ծնված Աշոտ Բադալյանին և նրա եղբորը` 1990 թվականին ծնված Հովհաննես Սուքիասյանին: Այս մասին ասվում է ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 9-ից զինվորական ծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող Աշոտ Բադալյանը հայտնաբերվել և պատասխանատվության առաջ էր կանգնել, սակայն սեպտեմբերի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության շենքի մոտից դատարան տեղափոխելիս փախել էր, հեռացել եղբոր հետ նրա ՎԱԶ «2121» մակնիշի մեքենայով: Շաբաթներ անց ոստիկանները կրկին բռնեցին նրան:
Անձնական խուզարկությամբ Բադալյանի գրպանից հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ, որն առգրավվել է: Աշոտ Բադալյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի` փախուստն ազատազրկման, կալանավորվածներին պահելու կամ ձերբակալվածներին պահելու վայրից՝ հոդվածի հատկանիշներով:
Քննությունը շարունակվում է: