Ռուսաստանցիների վստահությունը պետական կառույցների նկատմամբ կրկնակի նվազել է. «Լևադա-կենտրոն»
Ռուսաստանի քաղաքացիների վստահության մակարդակը պետական կառույցների և հասարակական ինստիտուտների նկատմամբ կտրուկ նվազել է 2015 թվականի համեմատ, վկայում են «Լևադա-կենտրոնի» սոցիոլոգիական հետազոտությունները։
Սոցիալական հարցման համաձայն՝ վերջին տարում գրեթե կրկնակի կրճատվել է ռուսաստանցիների մասնաբաժինը, որոնք վստահում են կառավարությանը (45%-ից մինչև 26%), Դաշնային խորհրդին (40%-ից մինչև 24%) և Պետդումային (40%-ից մինչև 22%)։
Ընդ որում՝ ՌԴ կառավարության հանդեպ վստահության վարկանիշը ամենացածրն է վերջին 5 տարում, նշում են սոցիոլոգները։
Նվազել է նաև ռուսաստանցիների վստահության մակարդակը դատախազության (37%-ից մինչև 24%), ոստիկանության (29%-ից մինչև 24%) և դատարանների (29%-ից մինչև 22%) նկատմամբ։
Նախկինի պես բարձր է վստահության մակարդակը Ռուսաստանի նախագահի (74%), բանակի (60%), պետական անվտանգության մարմինների (46%) նկատմամբ, թեև 2015թ. համեմատ նրանց վարկանիշները նույնպես նվազել են մի քանի տոկոսով։