Լայպցիգում ձերբակալված ահաբեկիչն ինքնասպան է եղել նախնական կալանման խցում
Լայպցիգում ձերբակալված սիրիացի Ջաբեր ալ Բաքրը, որին կասկածում են ահաբեկչական գործողություն պատրաստելու մեջ, ինքնասպան է եղել նախնական կալանման խցում: Այս մասին հայտնել է Spiegel-Online հրատարակությունը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրների:
ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ 22-ամյա ալ Բաքրին մեռած են գտել իր խցում: Ինչպես նշում է Spiegel-Online-ը, սիրիացին մահվանից առաջ հացադուլ էր հայտարարել եւ գտնվում էր մշտական հսկողության ներքո, ուստի առայժմ հայտնի չէ, թե ինչպես Է նրան հաջողվել ինքնասպանություն գործել:
Գերմանիայի ոստիկանությունն ալ Բաքրին Լայպցիգում ձերբակալել էր հոկտեմբերի լույս 10-ի գիշերը:
Ավելի վաղ ԳՖՀ-ի Սահմանադրության պահպանության դաշնային գերատեսչության ղեկավար Հանս Գեորգ Մաասենը հայտնել է, որ Ջաբեր ալ Բաքրը պլանավորում էր գրոհ իրականացնել Գերմանիայի մայրաքաղաքի օդանավակայաններից մեկում: «Մենք տեղեկություններ ունեինք, որ նա նախ ցանկանում էր Գերմանիայում գրոհել գնացքների վրա: Այնուհետեւ կենտրոնացել է Բեռլինի օդանավակայանների վրա»,- նշել է հակահետախուզության ղեկավարը:
Գլխավոր դատախազության հայտարարության համաձայն՝ «փախստականի բնակարանում հայտնաբերվել է 1,5 կիլոգրամ վտանգավոր պայթանյութ»: Վերջին շաբաթվա ընթացքում նա Համացանցում հրահանգներ էր փնտրում ռումբի պատրաստման վերաբերյալ: Քննիչները պարզել են, որ նա կապված էր «Իսլամական պետություն» խմբավորման հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: