Մերկելն ու Օլանդը Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինայի հարցը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում կարևորել են Մինսկի համաձայնագրերի իրականացումը և պայմանավորվել ակտիվացնել խորհրդատվությունները տարբեր ձևաչափերում, հայտնում է Կրեմլը:
AFP գործակալությունը, հղում կատարելով Օլանդի վարչակազմում աղբյուրին, հայտնում է, որ կողմերը քննարկել են գագաթաժողովի անցկացման հնարավորությունը Ուկրաինայի արևելքում տիրող վիճակը քննարկելու նպատակով:
Ինչպես ընդգծել է գործակալության զրուցակիցը, Ուկրաինայի հարցով գագաթաժողովը պետք է տեղի ունենա «շատ շուտով» Բեռլինում:
AFP-ի տեղեկություններով՝ հեռախոսազրույցի ընթացքում Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի ղեկավարները քննարկել են գագաթաժողովի անցկացման պայմանները, այդ թվում՝ հանդիպմանը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մասնակցության հարցը:
Փարիզը դեռ պաշտոնապես չի հաստատել այդ տեղեկությունը:
Նշվում է, որ Օլանդն ու Մերկելը զրույցի ընթացքում կոչ են արել Վլադիմիր Պուտինին ակտիվացնել ջանքերը Սիրիայում կրակի դադարեցման ուղղությամբ: