Նոր զարգացումներ հոգևորականի ծեծից դեպքից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 5-ին` երեկոյան, «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ Ական, դաժան ծեծի էր ենթարկել Վանաձորի Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին: Երեկ հայտնի դարձավ, որ Փելեշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ118 «ծեծ» հոդվածի հատկանիշներ:
Այս մեղադրանքը ազատազրկում չի նախատեսում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ծեծի ենթարկված հոգեւորականն ասաց, որ դեպքից հետո իրեն պարբերաբար հարցաքննության են հրավիրվել, սակայն կրկին հիվանդանոց տեղափոխվելու հետեւանքով երկու օր է` իր մասնակցությամբ քննչական գործողություններ չեն կատարվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Լոռու մարզի ոստիկանությունում տեղի ունեցած կադրային փոփոխությունները եւս այդ գործի հետ են կապված:
Բանն այն է, որ մարզի ոստիկանապետից բացի` օրեր առաջ աշխատանքից ազատվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի Տարոնի բաժնի պետ Էրիկ Շարմազանովն ու նշանակվել Գուգարքի բաժնի պետ: Իսկ Գուգարքի ոստիկանապետ Սերգո Ավետիսյանն էլ նշանակվել է ոստիկանության Տարոնի բաժնի պետ:
Հիշեցնենք, որ Էրիկ Շարմազանովը, որը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարազատ եղբայրն է, նույն Արկադի Փելեշյանի քավորն է: Իսկ վերը նշված միջադեպը տեղի էր ունեցել հենց Տարոնի բաժնի իրավասության տարածքում: Ենթադրվում է, որ Էրիկ Շարմազանովը Գուգարքում կմնա այնքան ժամանակ, մինչեւ որ Արկադի Փելեշյանի ծեծի հետ կապված իրավական գործընթացը կավարտվի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: