
Amazon ընկերությունը երաժշտական հոսքային ծառայություն է գործարկել

Amazon ընկերությունը հայտարարել է սեփական հոսքային երաժշտական ծառայության գործարկման մասին։ Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Նրա տվյալներով՝ Amazon Music Unlimited ծառայությունը կմրցակցի արդեն շուկայում գործող Spotify եւ Apple Music ծառայությունների հետ: Սմարթֆոնների, համակարգիչների եւ կենցաղային էլեկտրոնային այլ սարքերի համար նախատեսված նմանօրինակ կիրառական ծրագրերը հնրավորություն են ընձեռում օգտվել երաժշտական ձայնագրերի ընդարձակ կատալոգից՝ ամսական բաժանորդագրական վճարի դիմաց կամ անվճար՝ գովազդային հայտարարությունները լսելու պայմանով:
Amazon ընկերությունը, որը հիմնադրվել է 1994 թվականին ձեռնարկատեր Ջեֆրի Բեզոսի կողմից, համացանցի միջոցով ապրանքների ու ծառայությունների՝ աշխարհում խոշորագույն վաճառողն է: Ընկերության կենտրոնակայանը, որի շրջանառությունը 2015 թվականին կազմել է շուրջ 107 մլրդ դոլար, գտնվում է Վաշինգտոնի նահանգի Սիեթլ քաղաքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: