«Ռուսաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատացումից». Պուտին
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի հետ երկխոսություն վարելը բարդ է, որովհետեւ այն ավելի նմանվում է իր պայմանները պարտադրելու ամերիկյան կողմի փորձին: Այդ մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Վարչակազմը ձեւակերպում է ինչ իրեն հարկավոր է, իսկ հետո պնդում, որ դա կատարվի: Բայց դա երկխոսություն չէ, այլ թելադրանք: Եվ այդպես գրեթե բոլոր հարցերում»,-նշել է Պուտինը՝ հոկտեմբերի 12-ին ելույթ ունենալով ՎՏԲ-ի «Ռուսաստանն է կանչում» համաժողովում:
Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ պայմանով, որ ե՛ւ Մոսկվան, ե՛ւ Վաշինգտոնը հարգեն միմյանց շահերը: Նախագահը խոստովանել է, որ Մոսկվան մտահոգված է ռուս-ամերիկյան հարաբերությունների վատացման կապակցությամբ, բայց նշել է, որ դա Մոսկվայի ընտրությունը չէր:
«Մենք նույնպես մտահոգված ենք ռուս-ամերիկյան հարաբերությունների վատացմամբ, դա մեր ընտրությունը չէ, մենք երբեք դրան չենք ձգտել, ընդհակառակը, մենք ցանկանում ենք բարեկամական հարաբերություններ ունենալ այնպիսի հսկայական մեծ երկրի, աշխարհի առաջատար տնտեսության հետ, որպիսին ամերիկյան տնտեսությունն է»,-հավելել է Պուտինը։ Նա նաեւ ասել է, որ Մոսկվան պատրաստ է աշխատել ԱՄՆ-ի ցանկացած նախագահի հետ, որին կընտրի այդ երկրի ժողովուրդը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: