«Մենք աջակցում ենք ցանկացած կարգավորման, որը համապատասխանում է Ադրբեջանի շահերին». Չավուշօղլու
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ԵԽԽՎ-ի նիստում հայտարարել է, որ Թուրքիան «անկեղծ ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման ուղղությամբ, Շվեյցարիայում ստորագրել է համաձայնագիրը, սակայն դա հաջողությամբ չի ավարտվել»։
Չավուշօղլուն այս մասին հայտարարել է՝ պատասխանելով ադրբեջանցի պատգամավոր Գանիրա Փաշաևայի հարցին։
Չավուշօղլուն հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն ու Ռուսաստանը ջանքեր են գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ։
Օրակարգում է Ադրբեջանին նվազագույնը 5 օկուպացված շրջանների վերադարձը։ Ռուսաստանը ներկայացրել է այդ առաջարկությունը, և Թուրքիան դրան աջակցել է։ Դա քննարկել ենք նաև ադրբեջանական կողմի հետ։
«Մենք աջակցում ենք ցանկացած կարգավորման, որը համապատասխանում է Ադրբեջանի շահերին։ Բացի այդ՝ մենք ցանկանում ենք, որ մեր հարաբերությունները Հայաստանի հետ կարգավորվեն»,- ասել է նա։
Չավուշօղլուն հավելել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելացնի ջանքերը այդ ուղղությամբ։