
«Մշակվում է ՀԱԷԿ-ի կյանքի տևողության երկարացման ծրագիրը». ԱԷԿ գլխավոր տնօրեն

Հայաստանի ատոմակայանը կանգնել է պլանային վերանորոգման և կյանքի տևողության երկարացման ծրագրերի կատարման։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԷԿ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը։ Ըստ նրա՝ նախատեսվում է, որ 67 օր՝ մինչև նոյեմբերի 25-ը, բլոկը կմնա վերանորոգման մեջ, ինչը համաձայնեցված է հանձնաժողովի հետ։
«Այս տարվա մեր ծրագրերով նախատեսվում է ամբողջ ռեակտորային տեղակայանքի 100%-անոց ստուգում՝ սկսած ռեակտորի իրանից, վերին բլոկից, շոգեգեներատորների բոլոր խողովակաշարերի ստուգում, զոդման կարերի ստուգում, և այլն։ Ընթացքում, իհարկե, կյանքի տևողության երկարացման ծրագրով հիմնավորումներ կներկայացնենք կարգավորող մարմնին, որպեսզի ստանանք թույլտվություն՝ աշխատել մինչև 2017 թ. մայիս»,- ասաց Մ. Վարդանյանը։