Ռուսաստանի և ԱՄՆ-ի բախման ռիսկը Սիրիայում մինչև տարեվերջ կավելանա. Stratfor
Ամերիկյան Stratfor հետազոտական-վերլուծական կենտրոնի վերլուծաբանները կարծում են, որ Սիրիայում Վաշինգտոնի և Մոսկվայի ռազմական բախման ռիսկերը ներկայիս տարվա չորրորդ եռամսյակում կավելանան։
Փորձագետների կարծիքով՝ մինչև տարեվերջ ԱՄՆ-ը կկենտրոնանա ԴԱԻՇ-ի դիրքերը գրոհելու վրա իրաքյան Մոսուլում և սիրիական Ռաքքայում։
Կանխատեսումների համաձայն՝ Մոսկվայի և Վաշինգտոնի համագործակցությունը մարտադաշտում կլինի նվազագույն, քանի որ երկու կողմերն էլ ներկայումս քիչ են շահագրգռված սիրիական ճգնաժամի ապաէսկալացիայով՝ դիվանագիտական ճանապարհով։
Ռուսաստանը կշարունակի հետևել ռազմական մարտավարությանը՝ հրաժարվելով «դիվանագիտական վեճերից», այն դեպքում, երբ ամերիկյան կողմը պատրաստ չէ «արդյունավետ առևտրի» ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի լիազորությունների ժամկետի սպառման պատճառով, պնդում են վերլուծաբանները։
«Չորրորդ եռամսյակում Ռուսաստանի և ԱՄՆ-ի բախման պոտենցյալը կավելանա՝ հաշվի առնելով այն, որ Վաշինգտոնն ուժեղացնում է սուննի ապստամբներին Սիրիայում»,- ասված է ընկերության կանխատեսման մեջ։
Միևնույն ժամանակ, իրավիճակի վրա ազդում են նաև տարածաշրջանային այլ խաղացողներ, հավելում են վերլուծաբանները։ Իրավիճակը բարդանում է մարտի դաշտում թուրքական զորքերի ներկայությամբ, որոնք կշարժվեն դեպի Սիրիայի հարավ՝ ամերիկյան կողմի հովանավորությամբ, որպեսզի նվազեցվի Ռուսաստանի հետ բախման հավանականությունը։
Միևնույն ժամանակ, Պարսից ծոցի երկրներում Վաշինգտոնի դաշնակիցներն իրենց սեփական խաղն են վարում Իրանի դեմ՝ նրանք փորձում են խաղալ ՌԴ-ի և ԱՄՆ-ի հակասությունների վրա՝ իրենց սուննի արբանյակների դիրքերը ուժեղացնելու համար։