Տիգրան Ուրիխանյանը մանդատից չի հրաժարվում
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն է տարածել, որոըմ ասված է. «Վստահաբար, մի քանի հազար քաղաքացիների բաց նամակները, խորհրդարանի իմ մի քանի տասնյակ գործընկեր պատգամավորների արձագանքը, ժողովրդի շահի պաշտպանության շարունակության պահանջվածությունն ունեցան չափազանց էական ազդեցություն պատգամավորական մանդատս վայր դնելու որոշման վրա:
Խորհրդակցությունների շարք եմ ունեցել խորհրդարանական գրեթե բոլոր ուժերի ղեկավարների ու ներկայացուցիչների հետ և չափազանց բարձր եմ գնահատում հարգարժան գործընկերներիս կամեցողությունն ու զորակցությունը:
Ըստ էության ցանկանում եմ նշել, որ իմ ու թիմակիցներիս նկատմամբ քաղաքական պայքարի նորմերից դուրս արված հակառակորդների հարվածները իրենց նպատակակետին չհասան: «Գոտկատեղից ներքև», անձնական վիրավորանքներով և մեր ազգին անհարիր կերպով ընտանիքներին ու հարազատներին վիրավորող մեթոդներով գործողները նենգ ու թույլ մարդիկ են, իսկ նրանց օգտագործողները ուղղակի թույլերի թիկունքում թաքնվողներ:
Վերջին շրջանում իմ նկատմամբ կիրառվող այդ բոլոր մեթոդների հեղինակները թող իմանան, որ ժողովրդանպաստ ելույթները, օրենսդրական նախաձեռնությունները, քվեարկություններն ու ամենօրյա աշխատանքը խորհրդարանում շարունակելու եմ:
Իսկ հաջորդիվ նպատակահարմար եմ գտնում մեծ ու ժողովրդականություն վայելող այնպիսի մի քաղաքական թիմի հետ միավորումը, որում լուրջ պոտենցիալի առկայությունը շրջադարձ կբերի հայաստանյան իրականության մեջ»: