
Թմրանյութերի ապօրինի իրացման մեջ մեղադրվողն արդարացվեց` հանցակազմի բացակայության հիմքով. «Փաստինֆո»

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, այսօր արդարացրել է 16 դրվագով թմրանյութերի ապօրինի իրացման մեջ մեղադրվող Գեղամ Բակլաչևին` հանցակազմի բացակայության հիմքով: Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Գեղամ Բակլաչևի պաշտպան Գեղամ Հակոբյանից:
Մեղադրող դատախազը հիմնավորված էր համարել Բակլաչևին առաջադրված մեղադրանքը եւ միջնորդել յուրաքանչյուր դրվագով նրան դատապարտել 4 տարի ժամկետով ազատազրկման`պատիժների մասնակի գումարմամբ վերջնական պատիժ պահանջելով 8 տարի ժամկետով ազատազրկում։
Ըստ մեղադրանքի` Գեղամ Բակլաչևը Գրիգորի Սաֆարովին ապօրինի իրացրել է զգալի չափի «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց։ Գեղամ Բակլաչևին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով` 16 դրվագով: