Ուժային կառույցները Ջավախքում հենց Ջավախքի պատգամավորի հետ են աշխատում՝ ճնշելով մեր հայությանը
Խորհրդարանական ընտրությունների առաջին փուլից մեկ օր առաջ J-news տեղեկատվական կայքը հրապարակել է ծայրահեղ կարևոր նյութ (Թեկնածուները Ջավախքում ուժային կառույցների գործունեության մասին) այն մասին, թե ով և ինչպիսի մեթոդներով է փորձում ճնշում գործադրել հայաբնակ Ջավախքի բնակչության վրա։ Այս մասին գրում է armenian-community.ge կայքը:
Հրապարակված հարցազրույցը վկայում է, որ ուժային գերատեսչությունների՝ իրենց լիազորությունները չարաշահելու խնդիրը Ջավախքում դեռևս մնում է ամենաբարդ խնդիրներից մեկը։ Հարգելի ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում J-news տեղեկատվական կայքի հրապարակած նյութը փոքր-ինչ կրճատումներով․
«…Լրատվականը բոլոր թեկնածուներին դիմեց նույն հարցադրումով, պարզելու համար թեկնածուների տեսակետները, թե ինչպես են վերաբերվում Ջավախքում ուժային կառույցների՝ ոստիկանության, ճանապարհային ոստիկանության, հարկային տեսչության, բանակի և ազգային անվտանգության ծառայության աշխատանքին և ազդեցությանը:
«Ուժային կառույցները հակասահմանադրական կերպով իրենց լիազորությունները ավելացրել են, իրենք ինչով զբաղվում են Ջավախքում, անօրինական է: Նրանց պետք է օրենքի դաշտ բերել: Նրանք խառնվում են տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը, ընտրական պրոցեսներին, ընտրական հանձնաժողովների անդամներին են նշանակում, մարդկանց են սպառնում, ամեն ինչ անում են բացի իրենց պարտականություններից», -ասաց «Դավիթ Թարխան Մոուրավի, Իրմա Ինաշվիլի, Վրաստանի հայրենասերների դաշինքը, միացյալ ընդդիմություն» բլոկի կողմից Ախալքալաքի ընտրատարածքում առաջադրված մեծամասնական թեկնածու Մերուժան Կարախանյանը:
«Այսօրվա դրությամբ ինչ-որ կատարվում է Թբիլիսիից է գալիս: Տեղում հայության պահով հարց չի որոշվում, որովհետև ինչ Թբիլիսիից ասում են, այստեղ այդ էլ կատարվում է: Մեր ժամանակ ուրիշ ձև կլինի Ջավախքում, առաջին հերթին պետք է պաշտպանել մեր հայությանը: Ուժային կառույցները Ջավախքում հենց Ջավախքի պատգամավորի հետ են աշխատում՝ ճնշելով մեր հայությանը: Ոչ թե Թբիլիսիից կամ ուրիշ տեղից են ճնշում այլ տեղում պատգամավորը՝ ինքն է ճնշում ժողովրդին», –ասաց «Պաատա Բուրճուլաձե՝ Պետությունը Ժողովրդի համար» բլոկի կողմից Ախալքալաքի ընտրատարածքում առաջադրված մեծամասնական թեկնածու Շաքրո Այվազյանը:
«Իմ կարծիքով չի կարելի ժողովրդի վրա ճնշում կատարել: Մենք դեմ ենք ճնշումներին», -ասաց Հանրապետական կուսակցության կողմից Ախալքալաքի ընտրատարածքում առաջադրված մեծամասնական թեկնածու Աշոտ Սահարյանը:
«Շատ մեծ է իրենց ազդեցությունը Ջավախքում: Այնպիսի դիրք են դրել, որ երևի առանց իրենց ոչ մի հարց չի լուծվում, ոչ մեր Սակրեբոլոն, ոչ էլ վարչությունը, նույնիսկ կենտրոնական հիմնարկությունները մարդկանց աշխատանքի են ընդունում ուժային կառույցների թույլտվությամբ: Այդ ուղղությամբ պետք չէ աշխատանք տանել, շատ հասարակ ձև է, եթե ինքնակառավարումը թափանցիկ աշխատի, ոչ մի խնդիր չի լինի: Պաշտոնների իրենք են նշանակում դրա համար էլ ազդեցությունը ունեն պաշտոնյաների վրա», -ասաց նախաձեռնող խմբի կողմից Ախալքալաքի ընտրատարածքում առաջադրված մեծամասնական անկախ թեկնածու Արտաշես Փալանջյանը:
«Ուժային կառույցները շատ կոպիտ, ագրեսիվ են վերաբերվում բնակչությանը: Մեկ անձի կամքով, կառավարողի, ով լարում է ժողովրդի դեմ ուժային կառույցները՝ ոստիկանությունը, դատախազությունը, դատարանը, ֆինանսական ոստիկանությունը և այլն: Սա միայն իմ կարծիքը չէ, սա ժողովրդի կարծիքն է: Նախկինում լինելով ուժային կառույցներում՝ ես այդ ամենը լավ գիտեմ: Այդպես ագրեսիվ չի կարելի վերաբերվել մարդկանց հետ: Վրաստանի քաղաքացիների ազգությամբ հայերին պետք է նույն ձևի վերաբերվեն, ինչպես ազգությամբ վրացիների հետ: Ես պահանջում և խնդրում եմ բոլոր ուժային կառույցներից մարդկանց վերաբերվեն իրավահավասարության սկզբունքներից ելնելով, որովհետև, երբ գնում ես Թբիլիսի քեզ ոչ-ոք ագրեսիվ չի վերաբերվում, իսկ, երբ գալիս ես Ջավախք սկսվում է ագրեսիա, և այս ամենը մեկ անձի կամքով», –ասաց Ախալքալաքի ընտրատարածքում առաջադրված մեծամասնական անկախ թեկնածու Ռոբերտ Ջաղացպանյանը:
«Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության թեկնածու Հենզել Մկոյանի հետ երկու օր է արդեն չենք կարողանում կապ հաստատել…», -գրում է J-news տեղեկատվական կայքը։