Մկրտումյանը ներկայացրել է նոր դատավորներին

ՀՀ Նախագահի 2016 թվականի սեպտեմբերի 22-ի հրամանագրով Արսեն Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

ՀՀ Նախագահի 2016 թվականի սեպտեմբերի 29-ի հրամանագրով Մհեր Պետրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր:

Հոկտեմբերի 7-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել Արսեն Մկրտչյանին:  Արման Մկրտումյանն ընդգծել է, որ  նրա աշխատանքային փորձառությունը, հմտություններն ու մարդկային որակը բավարար են դատավորի պարտականությունները գերազանց իրականացնելու և դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու համար:

Նույն օրը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ՀՀ Վարչական դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել նորանշանակ դատավոր Մհեր Պետրոսյանին նշելով, որ նորանշանակ դատավորի մասնագիտական որակներն ու պատրաստվածությունը կնպաստեն, որ նա պատշաճ մակարդակով կիրականացնի արդարադատություն՝ բարձր պահելով դատավորի կոչումը:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանի, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի և ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդանյանի մասնակցությամբ վերոնշյալ դատարաններում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձ է կատարվել դատական համակարգի առկա խնդիրներին և առաջիկա անելիքներին:

ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութեր

Լրահոս