«Մենք շատ ավելի մրցունակ ենք, քան մեր հարևանները կամ այլ բազմաթիվ երկրներ»
Հայաստանը գյուղական տուրիզմը զարգացնելու մեծ ներուժ ունի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:
«Օրերս Տավուշի մարզի Զորական-Չարդախլու գյուղում անցկացվեց «1000 տարվա գյուղամեջ» փառատոնը: Այն հիանալի օրինակ է ցույց տալու, թե մենք գյուղական տուրիզմը զարգացնելու ինչպիսի ներուժ ունենք: Ես շատ տպավորված եմ: Մենք ունենք բազմաթիվ գյուղեր, որոնք պահպանել են ու սերունդներին փոխանցել ավանդույթները: Ահա այդ ամենը պետք է օգտագործել և ներկայացնել որպես տուրիստական արտադրանք»,-ասաց Սեդրակ Մամուլյանը:
Նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանը զբոսաշրջությունը զարգացնելու մեծ հնարավորություններ ունի, այնինչ, տուրիստական ներուժի 10 տոկոսը չի օգտագործվում: «Աշխարհը գնում է դեպի ագրո տուրիզմ, դեպի գյուղական կյանք, կենցաղ: Զբոսաշրջիկին ոչ այդքան շենք շինություն է հետաքրքրում. նա ձգտում է ուսումնասիրել կենցաղը, լինել կենցաղավարության մեջ: Իսկ մենք ունենք գյուղեր, որոնք ավանդույթները պահպանել են և զբոսաշրջիկին գրավելու հնարավորություններ կան»,-ավելացրեց Սեդրակ Մամուլյանը:
Նրա խոսքով, իհարկե, որոշ տեղերում ներդրումների կարիք կա, հյուրատների կառուցման, տների վերանորոգման անհրաժեշտություն կա: Սեդրակ Մամուլյանը համոզված է, որ այս ոլորտում ներդրումները կարճ ժամանակում հետ կվերադարձվեն: Ինչ վերաբերում է ենթակառուցվածքներին, ապա Սեդրակ Մամուլյանը նշեց, որ դրանք նույնպես նորմալ վիճակում են, սակայն զարգացնելու տեղ կա:
«Եթե այս ամենը զուգորդվի խոհանոցի հետ, ապա կլինի հրաշալի տուրիստական արտադրանք: Խոհանոցն առաջին զբոսաշրջային արդյունքն է, մարդկանց հետաքրքրում է սնունդը, ուտեստները, և, ի դեպ, խոհանոցից ստացված տպավորությունները մոռացվում են վեջինը: Վստահաբար կարող եմ ասել, որ այդ առումով մենք շատ ավելի մրցունակ ենք, քան մեր հարևանները կամ այլ բազմաթիվ երկրներ»,-հավելեց Սեդրակ Մամուլյանը:
Հայաստանում առաջին անգամ հոկտեմբերի 8-9-ը Տավուշի մարզի Զորական-Չարդախլու գյուղում անցկացվեց «1000 տարվա գյուղամեջ» փառատոնը: Այն ուղղված է Հայաստանում գյուղական տուրիզմի, սահմանամերձ համայնքների զարգացմանը: Փառատոնի ընթացքում այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու գյուղական կենցաղին, համտեսելու տեղի բազմազան ավանդական ճաշատեսակները: Փառատոնի շրջանակներում իրականացվել է ճանաչողական տուր գյուղի պատմական և գեղատեսիլ վայրերով: