Միքայել Մելքումյանը ԵԽԽՎ նիստում մատնանշել է Ալիևի դուստրերի ոսկու հանքերը
Պանամական օֆշորային սկանդալի շրջանակներում ԵԽԽՎ լիգումար նիստում պատգամավոր Մելքումյանը մատնանշել է Ալիևի դուստրերի ոսկու հանքերի մասին…
Հոկտեմբերի 11-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը ելույթ է ունեցել նաև «Դասեր «Պանամական փաստաթղթերից». հարկաբյուջետային և սոցիալական արդարության վերականգնում» թեմայով զեկույցի ժամանակ.
«Հարգելի՛ գործընկերներ,
Ներկայումս ամբողջ աշխարհում լրջագույն խնդիր է անկատար հարկային քաղաքականությունը և դրանից բխող եկամուտները թաքցնելու խնդիրը, այսինքն՝ անօրինական եկամուտներ ստանալու փորձը, ստվերային տնտեսությունը, իսկ դա նշանակում է նաև՝ անօրինական ծախսերը: Սա հանգեցնում է մեկ ակնհայտ երևույթի՝ անարդարության և անհավասար մրցակցային պայմանների ձևավորման:
Իհարկե, սա նոր երևույթ չէ, սակայն ներկայումս տեղեկատվական ցանցերով և արտասահմանյան ժամանակակից ձևերով այն հասել է իր ծավալներով նոր, ահագնացող մակարդակի:
Պայքարը այս խնդրի դեմ մեղմ ասած բավարար չէ, հաճախ, առկա է թողտվություն:
Այդ երևույթները հանդես են գալիս տարբեր ձևերով և նախևառաջ, այսպես կոչված՝ օֆշորների տեսքով: Ավելին, այժմ ծրագրվում և նկատվում են նաև այլ ժամանակակից միջոցներ, էլեկտրոնային-ծրագրային և բանկային սպասարկումներով:
Կարծում եմ, որ այս խնդիրների լուծումը պետք է կայանա միջազգային հանրության և պետությունների համատեղ և արդյունավետ ջանքերով, բայց, օրինակ, ինչպես կարող է այն կայանալ, եթե որոշ երկրներում (օրինակ՝ Ադրբեջանում) դրան նպաստում են հենց երկրների ղեկավարները և հետո այն քողարկելու համար սանձազերծում պատերազմ, ինչպես այն տեղի ունեցավ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շփման գծի ամբողջ երկայնքով ս.թ. ապրիլի 2-5-ը:
Անդրադառնալով օֆշորային և հարկային քննարկվող խնդրին, նշեմ, որ այստեղ անհրաժեշտ են ինչպես օրենսդրական, այնպես էլ վարչարարական լուրջ և միջպետական միջոցառումներ:
Սակայն ռիսկեր, կապված օֆշորների, կապիտալի անօրինական արտահանման և ապա, այսպես կոչված, ռեէքսպորտի հետ, իհարկե, միշտ էլ կան:
Այս առումով անհրաժեշտ են ամենախիստ պատժամիջոցները թե՛ քրեական օրենսգրքերի և թե՛ վարչական, հարկային օրենսդրության շրջանականերում:
Դրա հիմքում պետք է լինի ժամանակին և անհրաժեշտ ծավալով տեղեկատվության ամբողջ ծավալով տրամադրումը տարբեր պետությունների կողմից: Դրա մասին կան միջպետական պարտավորություններ: Ուղղակի դրանք պետք է հետևողականորեն կատարել:
Կարևոր նշանակություն է ձեռք բերում նաև Կենտրոնական բանկի և այլ կառույցներում գործող ֆինանսական մոնետարների գործունեությունը և դրանց կանխարգելիչ գործունեությունը, Մանիվալի, Գրեկոյի և կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուտների արդյունավետ գործունեությունը: Երեք հիմնական կարևոր ուղղություններ են՝ կոռուպցիա, մենաշնորհների դեմ պայքար և դատական արդարացի համակարգ, մարդու իրավունքներ:
Սակայն այս ամենը չպետք է խոչընդոտի նաև լեգալ կապիտալի ազատ տեղաշարժին, այլապես մենք կնվազեցնենք երկրների ներդրումային գրավչությունը:
Անդրադառնալով Պանամական փաստաթղթերին, նշեմ, որ Ադրբեջանի նախագահի ընտանիքի անդամների համար առանձին գլուխ է հատկացված, որտեղ ներկայացվում են նրանց կապերը օֆշորային կազմակերպությունների բարդ համակարգի հետ: Այս փաստաթղթերը ցույց են տալիս, որ 2003 թվականին Ադրբեջանի հարկերի նախարար Ֆազիլ Մամեդովը ստեղծում է AtaHolding կոնգլոմերատը Ալիևների ընտանիքի անդամների մասնակցությամբ, որի հետաքրքրությունների շրջանակը սկսվում է բանկային, հեռուստակոմունիկացիոն ոլորտերից մինչև բնական ռեսուրսներով հարուստ երկրի շինարարական, հանքարդյունաբերական և նավթագազային ոլորտներ:
Պանամայում Մամեդովը հիմնադրել է երկու կառույց՝ «FM Management Holding Group»-ը և «UF Universe Foundation»-ը, վերջինը հանդիսանում է նախորդի կառավարողը, իսկ կառավարիչներից մեկը Մեհրիբան Ալիևան է: Համաձայն «Պանամական փաստաթղթերի» և «Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննության նախագծի» (OCCRP)՝ 2006 թվականին նախագահ Ալիևը վեց ոսկու հանքերի օգտագործման իրավունքը փոխանցել է ադրբեջանական մի քանի կազմակերպությունների, այդ թվում՝ երկու օֆշորային կազմակերպության, որոնք իրականում պատկանում են Ալիևի երկու աղջիկներին: Քույրերին է պատկանում նաև բրիտանական Globex International LLP-ի բաժնետոմսերի 56%-ը և պանամական Londex Resourses S.A.-ն: Վեց ոսկու հանքերի բաժնետոմսերի համապատասխանաբար 11%-ը և 45%-ը տնօրինում են այս երկու կազմակերպությունները»: