Բաժիններ՝

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցով հանձնակատարը սահմանափակումների պատճառով չեղյալ է հայտարարել ՌԴ այցը

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցով հանձնակատար Նիլս Մույժնիեքսը հայտնել է, որ չեղյալ է հայտարարել Ռուսաստան իր այցելությունը, որը նախանշված էր հաջորդ շաբաթ։ Նրա խոսքով՝ ինքն անթույլատրելի է համարել սահմանափակումները, որ ռուսական իշխանությունները դրել են իր ուղևորության վրա։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Վերջին մի քանի ամիսներին ես քննարկել եմ ռուսական իշխանությունների հետ այս տարվա հոկտեմբերին Ռուսաստան կայանալիք այցի հնարավորությունը՝ գնահատելու մարդու իրավունքների ոլորտում իրավիճակը։ Սակայն այժմ խորը ափսոսանքով ստիված եմ հաղորդել, որ այդ այցը տեղի չի ունենա անընդունելի պայմանների պատճառով, որոնք ռուսական իշխանություններն առաջարկել էին իմ ծրագրի իրականացման համար»,- ասվում է Եվրոպայի խորհրդի կայքէջում։

Նրա խոսքով՝ իրեն առաջարկել են սահմանափակել այցը միայն 48 ժամով և այցելել միայն Մոսկվա։

Հանձնակատարի խոսքով՝ ինքը հնարավորություն չի ունենա նորմալ աշխատել այդքան կարճ ժամանակահատվածում՝ հանդիպել իշխանության ներկայացուցիչների, իրավապաշտպանների և քաղհասարակության անդամների հետ։
Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի իշխանությունները կփոխեն իրենց դիրքորոշումը և ամբողջությամբ կվերականգնեն իր գրասենյակի հետ համագործակցությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս