
Ֆրանսիան ցանկանում է դատի տալ Ռուսաստանին ռազմական հանցագործությունների համար

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հնարավոր է համարել Ռուսաստանի դեմ ռազմական հանցագործությունների մեղադրանք առաջադրելը Սիրիայի Հալեպ քաղաքի ռմբակոծությունների պատճառով, հայտնում է BBC-ն։
Ֆրանսիական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Օլանդն ասել է, որ գործը կարող է ներկայացվել Միջազգային քրեական դատարանին։
«Նրանք մարդիկ են, որոնք այսօր դառնում են ռազմական հանցագործությունների զոհեր։ Նրանք, որոնք կատարում են այդ հանցագործությունները, պետք է պատասխանատվություն կրեն իրենց կատարածի համար, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանում»,- հայտարարել է Օլանդը TMC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ավելի վաղ Օլանդը հասկացրել էր, որ հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի չունենալ։
«Եթե ես, այնուամենայնիվ, ընդունեմ Պուտինին, կհայտարարեմ նրան, որ դա անթույլատրելի է։ Դա կարող է նաև լրջորեն վնասել Ռուսաստանի իմիջին»,- ասել է Օլանդը։